Սոֆյա Պողոսյան. «4 տարվա դադարից հետո ես և Աշոտը կրկին ներկայանում ենք որպես սիրային զույգ». life.tert.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Սոֆյա Պողոսյան. «4 տարվա դադարից հետո ես և Աշոտը կրկին ներկայանում ենք որպես սիրային զույգ». life.tert.am

«Միլիոնը թակարդում» նախագծի պրոդյուսեր Արա Բաղդասարյանի խոսքով` սա դետեկտիվ դրամա է, որը տարբերվելու է սցենարային կառուցվածքով, դինամիկ զարգացումներով ու խճճված ինտրիգներով։ Նկարահանման որակը, օգտագործված միջոցների քանակն ու դերասանական լավ կազմը կապահովեն նախագծի բարձր որակը:

«Ucom ընկերության համար սեպտեմբերը նոր առաջարկների և նոր նախագծերի մեկնարկն է ազդարարում: Ուրախ ենք, որ «Արմենիա Պրեմիումի» հավատարիմ հեռուստադիտողներին կայուն պարբերականությամբ հնարավորություն է ընձեռվում վայելելու հայկական հեռուստատեսության նորագույն ու որակյալ արտադրանքը», – նշեց Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Tert.am Life–ի հետ զրույցում Սոֆյա Պողոսյանը նշել է, որ իր, Աշոտ Տեր–Մաթևոսյանի և Հայկ Սարգսյանի մասնակցությամբ նոր հեռուստասերիալն իրեն գրավել է ոչ միայն որպես դերասանուհու, այլև հեռուստադիտողի։ Ասում է` կհետևեր սերիալի ընթացքին, եթե, անգամ, չխաղար այստեղ։ Որպես գլխավոր արժանիք` Սոֆյան նշում է կուռ սցենարը.  «Կարծում եմ` առաջին հերթին սցենարն է շատ հետաքրքիր` ձգձգվող ու ձանձրալի չէ։ Հայկական սցենար է, որը որևէ տեղից  վերցված և ադապտացված չէ։ Նոր գաղափար է, չկան ծեծված տեսարաններ։ Ինքս, լինելով այս ասպարեզում, որոշ բաներից սկսել եմ ձանձրանալ։ Այդ առումով այս նախագիծը շատ հետաքրքիր էր. դինամիկ  զարգացող դետեկտիվ ֆիլմ է»։

Դետեկտիվ դրաման սկսվում է սպանությամբ, որի հետևանքով հարգված փաստաբանը, որին մարմնավորում է Սոֆյան, հայտնվում է ճաղերից այն կողմ։ Որոշ բացահայտումներ հեռուստադիտողների համար նախապես են արվում, որոշներն էլ նրանք կանեն հընթացս` հերոսների հետ` փորձելով սեփական տրամաբանության միջոցով բացահայտել խճճված պատմությունը։

Այս անգամ Սոֆյան ոչ թե կինոյի աղջնակն է, այլ 40-ամյա հասուն կին, որն ունի ձևավորված «ես», հստակ աշխարհայացք։ Նա ունի ընտանիք` ամուսին, որին մարմնավորում է Հայկ Սարգսյանը և 17–ամյա դուստր, որին մարմնավորում է Եվա Զոհրաբյանը։ «Հերոսուհիս կարծում է, թե ունի դասավորված կյանք, սակայն ճակատագրի բերումով հայտնվում է անսպասելի իրավիճակում, որը նրան դրդում է ծայրահեղ քայլի։ Ուրախ եմ, որ հենց ինձ են վստահել կայացած կնոջ այս դերը։ Հայաստանում միտում կա դերասանին առաջարկել այնպիսի դերեր, ինչպիսիք արդեն խաղացել է։ Այս կերպարը տարբերվող էր իմ մյուս դերերից, ինչը շատ հետաքրքրեց ինձ։ Այս տարիների ընթացքում ես էլ նույնը չեմ մնացել։ Բնականաբար, և՛ տարիքով եմ մեծացել, և՛ մտածելակերպով։ Հերոսուհիս տարբերվում է կինոյի աղջկա իմ կերպարից, ինքս էլ դուրս եմ եկել դրանից»,– նկատեց դերասանուհին։

Սոֆյայի խոսքով` ունեցել են էշքըն նկարահանումներ, որոնք տեսարժան կլինեն հեռուստադիտողների համար։ Իր համար ամենաբարդը եղել է ինքնասպանության փորձի տեսարանը. «Կա կախվելու տեսարան, որը, պարզվեց, ֆիզիկական պատրաստվածություն էր պահանջում։ Քանի որ տեսարանը «կեղծ» չենք նկարահանել, բավականին բարդ ստացվեց։ Իհարկե, կան տեսարաններ, որոնք ստանալը բարդ էր, սակայն նկարահանման ընթացքում շատ զվարճալի իրավիճակներ են լինում, որոնք հեշտացնում են աշխատանքը։ Ինձ շատ հաճելի էր աշխատել այս թիմի հետ»։

life.tert.am



Նման նյութեր