Խորովածային բում. զբոսաշրջիկի սրտի ճանապարհն Ախթալայով է անցնում. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Խորովածային բում. զբոսաշրջիկի սրտի ճանապարհն Ախթալայով է անցնում. armeniasputnik.am

Խորովածի միջազգային փառատոնը իններորդ անգամ Հայաստանում կհավաքի այդ ուտեսի սիրահարներին։ Փառատոնն ընդլայնում է սահմանները, տուրիստական գործակալություններում հերթեր են գոյանում։ «Ռուսական, վրացական, բելառուսական տուրիստական գործակալություններն ուղևորություններ են վաճառում դեպի Հայաստանի խորովածի փառատոն։ Հյուրանոցներում ու հյուրատներում տեղեր գրեթե չեն մնացել», – Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում ասաց «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը։

Նրա խոսքով` այս տարի հետաքրքրությունը փառատոնի նկատմամբ իսկապես աննախադեպ է։ Փառատոնի նպատակն է Հայաստանում զարգացնել զբոսաշրջությունը։ Այն տեղի կունենա օգոստոսի 20–ին, Ախթալայի ամրոցի տարածքում։

Չի բացառվում, որ շուտով խորովածի հայ կազմակերպիչներին միանան նաև վրացի գործընկերները։

«Փառատոնը միջազգային է դարձել։ Այս տարի այն ավելի մեծ հետաքրքրություն է առաջացրել։ Շատերը Հայաստան են գալիս միայն խորովածի փառատոնի համար», – ասաց ՀՀ Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանը։

Խորովածի փառատոնի մասնակիցներին ու հյուրերին հագեցած մշակութային ծրագիր է սպասում։ Փառատոնի գեղարվեստական ղեկավար Անդրե Սիմոնյանը նշեց, որ Ախթալայում կենդանի երաժշտություն է հնչելու, ելույթ են ունենալու երաժիշտներ Հայաստանից ու Անգլիայից։

Բացի այդ, ստեղծագործական խումբը, որի անդամները տարբեր երկրներից են` Հայաստանից, ԱՄՆ–ից, Ավստրալիայից ու Անգլիայից, Ախթալայում նկարահանումներ է անցկացնելու` «Armenia Uncovered» («Բացահայտելով Հայաստանը») վավերագրական ֆիլմի համար, որը պատմելու է Հայաստանի հարուստ պատմության ու մշակույթի մասին։

Անցած տարի փառատոնն անցկացվում էր սեպտեմբերին։ Սակայն կազմակերպիչների որոշմամբ այսուհետ այն կանցկացվի օգոստոսի երրորդ կիրակի օրը։

armeniasputnik.am