Դանիլ Խաչատուրովը «Ռոսգոսստրախը» փոխանցում է Վադիմ Բելյաևին
Advertisement 1000 x 90

Դանիլ Խաչատուրովը «Ռոսգոսստրախը» փոխանցում է Վադիմ Բելյաևին

Դեռևս նախորդ տարվա դեկտեմբերին տեղեկատվություն հայտնվեց, որ «Ռոսգոսստրախի» սեփականատեր է դառնում «Открытие» հոլդինգը։ Այժմ տեղեկատվությունը ճշգրտվել է. ինչպես գրում է Vedomosti-ն, «Ռոսգոսստրախի» սեփականատեր է դառնում ոչ թե «Открытие»-ն, այլ դրա սեփականատեր Վադիմ Բելյաևը։

Մասնավորապես, «Открытие-информ» ընկերությունը (որը 100%-ով պատկանում է «Открытие холдинг»-ին) և «Открытие» բանկը դիմել են Ռուսաստանի հակամենաշնորհային ծառայությանը, որպեսզի վերջինս կարողանան հստակեցնել «Ռոսգոսստրախի» աշխատանքի պայմանները։

Այս երկու ընկերությունները մտադիր են «Ռոսգոսստրախ» ապահովագրականի վերահսկողությունը իրենց ձեռքը վերցնել՝ ձեռք բերելով «РГС-холдинге», «РГС-активы» և «РГСН» («РГС-недвижимость») ընկերությունների 100% բաժնետոմսերը։

«РГС-холдинг»-ը «Ռոսգոսստրախի» հիմնական բաժնետերն է (31.7%)։

Vedomosti-ն հիշեցնում է, որ «Ռոսգոսստրախը» ժամանակին ԱՊՊԱ շուկայի առաջատարն էր, սակայն 2017 թվականի 1-ին եռամսյակի արդունքներով՝ երրորդ տեղում է (48.2 մլրդ ռուբլի ապահովագրավճարներով)։ 2016 թվականին ԱՊՊԱ-ի վնասաբերության հետևանքով «Ռոսգոսստրախի» մաքուր վնասը կազմել է 33 մլրդ ռուբլի, իսկ բացասական գործառնական դրամական հոսքը՝ 54 մլրդ։

Սա առաջին պաշտոնական հաստատումն է այն գործարքի, որի մասին հայտնի էր դարձել դեռ անցյալ տարվա դեկտեմբերին։ Այն ժամանակ նշվում էր, որ «Ռոսգոսստրախի» սեփականատեր Դանիլ Խաչատուրովը իր ընկերությունը փոխանցում է «Открытие холдинг»-ին՝ դրա փոխարեն որոշակի բաժնեմաս ստանալով «Открытие холдинг»-ում (չափը դեռ հայտնի չէ)։

Գործարքի արդյունքում կձևավորվի իր ակտիվներով երկրի խոշորագույն մասնավոր ֆինանսական կառույցը (4-5 տրլն ռուբլի)։

Խաչատուրովը «Ռոսգոսստրախից» հեռացել է այս տարվա տարվա հունիսի վերջին, սակայն «Открытие»-ի թիմը ընկերության կառավարմանը փաստացի մասնակցում էր արդեն գարնանից՝ միաժամանակ ուսումնասիրելով ընկերության ակտիվները։

«Ռոսգոսստրախը» և «Открытие холдинг»-ը մեկնաբանություններից հրաժարվել են։ Սակայն Vedomosti-ի աղբյուրը տեղեկացրել է, որ «РГС-холдинг», «РГС-активы» և «РГСН»  ընկերությունները ձեռք կբերվեն նվազագույն գնով. այն կարող է տատանվել 1 ռուբլուց մինչև մի քանի հազար ռուբլի։

Վադիմ Բելյաևը Vedomosti-ին հաստատել է, որ «Открытие-информ»-ը իր ընկերությունն է, սակայն հրաժարվել է խոսել պատճառների մասին, թե ինչու է որոշել ընկերությունը վերաձևակերպել իր անունով։

«Открытие»-ին պատկանող կառույցները արդեն դե-ֆակտո վերահսկում են «Ռոսգոսստրախի» բաժնետոմսերի 50%-ից ավելին. դրանք, ինչպես նշել է վարկանիշային գործակալություններից մեկի փորձագետը, փոխանցվել են որպես գրավ։

«Ռոսգոսստրախի» բաժնետոմսերը մասնատվում և մաս-մաս են փոխանցվում «Открытие»-ի հետ փոխկապակցված մարդկանց և ընկերություններին հավանաբար այն պատճառով, որ ավելի հեշտ լինի ստանալ հակամենաշնորհային մարմնի և կարգավորիչների համաձայնությունը։

b4b.am