«Կանա» կենտրոնի մասնակիցների հարցերին պատասխանում է Տեր Տաճատ ավագ քահանա Դավիդյանը
Ո՞րն է կնոջ դերն ընտանիքում:
Կինն ընտանիքում ամենակարևոր դերն ունի: Ընտանիքի բուն կազմողը ոչ միայն սերնդատվության առումով, այլև տանտիկինը («տիկին» բառը նշանակում է թագուհի), կինն է ամբողջ ընտանիքի բարվոքությունն ապահովողը: Մի անգամ այլ քաղաք էի գնացել, ու մի կին եկեղեցում ինձ հարցրեց, թե ինչպե՞ս է ընտանիքդ, այդ ժամանակ զարմացա՝ մտածելով՝ չէ՞ որ նա ընտանիքիս՝ հորս, մորս չի ճանաչում, հետո հասկացա, որ ուզում էր հարցնել, թե ինչպե՞ս է կինս: Բուն ընտանիքը կնոջ շուրջն է. առանց կնոջ ընտանիք չկա: Կինն է ստեղծում ընտանիքը, առանց ամուսնու ընտանիքը կգոյատևի, իսկ առանց կնոջ ընտանիքը կքայքայվի:
Պետք է սպասե՞լ նորից միանալու հույսով թե՞ համակերպվել բաժանման և կորստի հետ:
Բաժանումը միշտ երեք բացատրություն ունի. առաջինն ամուսնու բացատրությունն է, երկրորդը կնոջ բացատրությունն է, իսկ երրորդը՝ ճշմարտությունը: Եթե ջանք չգործադրեն համակերպվել և բաժանվեն՝ հնարավոր է, որ նույն սխալները գործեն նաև հաջորդ ամուսնության մեջ: Բացարձակապես հակառակ չեմ ամուսնալուծություններին, քանի որ երբեմն կան անհաջող, մահացած ընտանիքներ, բայց մինչ այդ պետք է ամեն ջանք թափել ու վերականգնել ընտանիքը՝ հասկանալով, որ կատարյալ մարդ չկա, պետք է հասկանանք մեր սխալներն ու կարողանանք դրանք ուղղել: Պետք չէ միանգամից հանձնվել իրականությանը, այլ պետք է ջանք թափել ու փոխվել:
Ամուսնալուծված մարդու հետ ամուսնությունը արդյո՞ք մեղք է թե՞ ոչ:
Նայած, թե ինչ պատճառով է զույգն ամուսնալուծվել: Եկեղեցին պաշտոնապես մեղք է համարում ամուսնալուծությունը, բայց ամեն բանի մեջ պետք է փոքր-ինչ լայնամիտ լինել: Եթե դավաճանությունը տևական է եղել, ապա դա իրոք դավաճանություն է, և եկեղեցու կանոնով արգելվում է դավաճանած մարդու հետ ամուսնությունը: Նախկինում ատյաններ կային, որոնք որոշումներ էին ընդունում ու ամուսնալուծվածներից նրան, ով անմեղ էր, թույլ էին տալիս կրկին ամուսնանալ, իսկ մեղավորին՝ ոչ, քանի դեռ նա չէր ապաշխարել, խոստովանել: Պետք է փոքր-ինչ լայնախոհ լինենք այս հարցում, երբ ուզում են ամուսնանալ ամուսնալուծվածի հետ, և միանգամից չմերժենք, այլ՝ հարցը քննարկենք:
Ինչպե՞ս դաստիարակել քրիստոնյա երեխաներ:
Մենք պետք է օրինակ լինենք մեր երեխաների համար: Նրանք պետք է կապված լինեն եկեղեցու հետ: Եթե ուզում ես, որ զավակդ գնա եկեղեցի, դու էլ նրա հետ պետք է գնաս: Ինձ համար շատ կարևոր է ճաշից առաջ աղոթելը:
Ինչպե՞ս դառնալ կայուն, չլսել այլոց կարծիքները, լինել ինքնավստահ, հավատալ ինքդ քեզ և բացահայտել քո ներուժը:
Դա հոգեբանական հարց է, և պետք է նախ հասկանանք, թե ինչն է անվստահություն պատճառում: Պետք չէ հուսահատվել ձախողման պատճառով, այլ կոնկրետ պատճառը փնտրել, սովորել, մեղք գործելու մեծագույն մեղքը չարիքից դաս չքաղելն է: Եթե ունես հոգեհարազատ ընկեր, մեկն, ում հետ կարող ես անկեղծորեն խոսել սխալներիդ մասին, անվստահության մեջ ես, նստիր ու մտահոգություններդ կիսիր նրա հետ, խոսիր: Ամեն մարդ ունի իր լավ կողմերը, մենք երբեմն աննկատ ենք թողնում այդ կողմերը և երևակայական բաների հետևից գնում:
Ինչպե՞ս հաղթահարել հետամուսնական խնդիրները:
Սկզբում զույգը մտերմանում է, հետո ձանձրանում և անտարբեր դառնում: Անտարբերությունը գալիս է, երբ ձանձրանում են միմյանց ներկայությունից, խոսելու շատ թեմաներ չեն լինում, խուսափում են միասին հաճախ լինել, և ամուսնությունը քայքայվում է, բայց պետք է նստել ու խոսել կարևոր բաների մասին: Ես հավատում եմ, որ սերը երկար չի տևում, բայց դա չի նշանակում, թե սերը վերջացել է, սերն աճում է:
Հավատա՞լ ճակատագրին կամ արդյո՞ք գոյություն ունի երկրորդ կես:
Ճակատագիրը հակառակ է քրիստոնեությանը, այն բնորոշ է իսլամին: Ամեն բան որոշված է Աստծո կողմից: Մենք՝ քրիստոնյաներս, հավատում ենք Աստծո նախախնամությանը: Աստված պայմաններ է ստեղծում, բայց մենք պարտավոր չենք հետևել այդ պայմաններին: Օրինակ, Վազգեն Առաջին կաթողիկոսի ընտրությունը 1995 թվականին Աստծո նախախնամությունն էր: Կամ՝ ինչպե՞ս ես ամուսնացա. մի երեկո ընկերներիս հետ նստած էի պիցերիայում, զրուցում էինք աղջիկների մասին, ու մի տղա ասաց. «Այս աղջիկը շատ լավ աղջիկ է», և ես հիշեցի, որ ճանաչում եմ նրան, ու որոշեցի հանդիպել, բայց եթե այդ պահին նա այդ խոսքը չասեր, ես չէի ամուսնանա: Աստված պայմանները ստեղծեց, բայց դա ճակատագիր չէր: Եթե ճակատագրին հավատանք՝ ազատ կամքին չենք հավատա:
Ե՞րբ ես գիտակցում, որ եկել է ամուսնության պահը:
Ոչ մի դեպքում չես կարող հարյուր տոկոսով վստահ լինել: Ես սիրում եմ Ս. Պողոս առաքյալի խոսքերից օրինակներ բերել. երբ նա տեսավ Հիսուսին ծովի վրա քայլելիս՝ ասաց. «Տեր, կանչիր ինձ քեզ մոտ», և ջրերի մեջ մտնելով՝ վախեցավ սուզվել (տես Մատթ. 14։28-30): Նույնն էլ ամուսնության մեջ է. թվում է, թե սիրում ես, բայց հետո կասկածներ են արթնանում: Ամուսնության դեպքում պետք է հավատք ունենալ:
Ծնողների դերակատարությունը ամուսնության մեջ որքանո՞վ է սահմանափակվում:
Ծնողները կարևոր դեր ունեն, նրանց խրատները պետք է լսել, բայց ի վերջո դու ես ամուսնացողը, որոշողը, և ծնողներըը սխալ են, եթե միջամտում են: Հիշում եմ հորս խոսքը, երբ կնոջս տարա ծանոթացնելու ծնողներիս հետ. հորս կարծիքը հարցրեցի, և նա ասաց. « Տղաս, նրա հետ դու պետք է ապրես, կարևոր է ոչ թե իմ, այլ քո կարծիքը»: Երբ ամուսնանալու տարիքը եկել է, երիտասարդն արդեն ձևավորված է, այլևս ուշ է, ծնողներն իրենց խորհուրդները, դաստիարակությունն այդ հարցի շուրջ պետք է մինչ այդ արդեն տված լինեին իրենց զավակներին:
Ինչպե՞ս հարմարվել այն փաստի հետ, որ զույգերը ցանկանում են առանձին ապրել, սակայն այդ հնարավորությունը չունեն:
Ինչ էլ լինի՝ կարծում եմ, որ պետք է առանձին ապրել: Ասում են՝ հնարավորություն չկա, սակայն միջոցներն անպետք բաների վրա են վատնում: Օրինակ, լուսանկարիչ, լիմուզին են վարձում, անհարկի ծախսեր անում: Ես հավատում եմ, որ հնարավորություն կլինի, եթե հավատքով մոտենան: Նախ, երկուսն էլ պետք է աշխատեն, որպեսզի երկու եկամուտ ունենան, ամեն դեպքում գոնե մեկ սենյակ վարձեն, պարտադիր չէ, որ այն պալատ լինի: Որտեղ կա կամք, այնտեղ կա միջոց:
Ինչպե՞ս ներել սուտն անկեղծ նվիրվածության դեպքում:
Նախևառաջ կարևոր է հասկանալ, թե Աստված ինչպես է մեզ ներում ամեն պարագայում, անգամ այն դեպքում, երբ մարդիկ եկեղեցասեր են, բայց թերանում են: Աստված ներում է պայմանով, որ մարդիկ զղջան, խոստովանեն, ջանան ուղղել իրենց ընթացքը. երբ այս պայմանները կան, ապա որպես քրիստոնյա պարտավոր ենք ներել:
Պատրաստեց Նարե Ոսկանյանը