Ջեյմս Թուֆենկյան. «Բարին տալով` բարիք ստեղծել». armeniasputnik.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ջեյմս Թուֆենկյան. «Բարին տալով` բարիք ստեղծել». armeniasputnik.am

Ինչպես սկսվեց

Ամերիկահայ գործարար, բարեգործ և ճանաչված դիզայներ Ջեյմս Թուֆենկյանն առաջին անգամ Հայաստան եկավ անկախությունից հետո, 1993 թվականին` նպատակ ունենալով հնարավորության սահմաններում օգնել երկրի տնտեսության զարգացմանը: Հայաստանի համար դա դժվարին ժամանակաշրջան էր. պետական կառույցները ենթարկվում էին արմատական փոփոխությունների, կայացած բիզնես միջավայր դեռևս չկար, և այդ առումով ամեն ինչ փաստորեն զրոյից էր սկսվում: Սակայն դա չվանեց Թուֆենկյանին, և նա, մտադրված լինելով Հայաստանում իրագործել երկարաժամկետ նպատակային ծրագրեր, քայլ առ քայլ սկսեց դրանց իրականացման գործընթացը:

«Սկզբնական շրջանում իմ ողջ բիզնեսը նախատեսված էր փող ստեղծելու, բայց միաժամանակ աշխարհի համար լավ բան անելու համար: 1993 թվականին որոշեցի, որ փող կստեղծեմ և որևէ լավ բան կանեմ նաև Հայաստանում»,- ասել է հարցազրույցներից մեկում Թուֆենկյանը:

Իհարկե, վերագտած հայրենիքի գործոնը կարևոր դեր խաղաց և որոշ չափով նաև նոր խթան հանդիսացավ Ջեյմս Թուֆենկյանի համար: Նրա նախնիները սերում էին Արևմտյան Հայաստանից: Ամերիկայում Թուֆենկյանները հաստատվեցին 19-րդ դարի վերջին՝ համիդյան ջարդերից հետո: Այն միջավայրում, որտեղ մեծացել էր Ջեյմսը, մշտապես առկա է եղել հոգևոր կապը հայկական մշակույթի հետ:

1985-ին Ջեյմս Թուֆենկյանն ավարտում է Նյու Յորքի համալսարանի բարձրագույն իրավաբանական դպրոցը, և նրա առջև բացվում է հաջողակ փաստաբան դառնալու հեռանկարը: Սակայն Թուֆենկյանը նախընտրեց գնալ իր սրտի թելադրանքով, և շուտով, 1986-ին, Մանհեթենում բացեց իր իսկ դիզայնով ստեղծված ձեռագործ գորգերի առաջին խանութը:

Նախնիների երկրում

Գալով Հայաստան, Թուֆենկյանն այստեղ նույնպես հիմնեց գորգերի արտադրության մի մասնաճյուղ՝ այդ դժվարին տարիներին աշխատանք տրամադրելով մոտ հազար մարդու: Այսօր Tufenkian Carpets ընկերության արտադրած արևելյան գորգերը՝ ճանաչված բրենդ են ողջ աշխարհում: Ընդհանուր առմամբ Թուֆենկյանի հեղինակային գորգերի խանութ-ցուցասրահները տասն են, որոնցից ութը գործում են ԱՄՆ-ում, և մեկական՝ Լոնդոնում և Երևանում:

«Երբ առաջին անգամ ոտք դրեցի նախնիներիս երկիրը, ես հիացա այս հողի գեղեցկությամբ, պատմությամբ ու ժողովրդի ոգով: Եվ այդ ժամանակ վճռեցի օգտագործել իմ բիզնես հնարավորությունը և նոր շունչ տալ Հայաստանի հնամյա ու բարձրարժեք արվեստին` գորգագործությանը»,- ասում է Թուֆենկյանը:

Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում ներդրումներ ու ծրագրեր իրականացնելու նպատակով, Թուֆենկյանը 1999-ին Նյու Յորքում հիմնում է Tufenkian Foundation հիմնադրամը: Անցած ժամանակաշրջանում «Թուֆենկյան հիմնադրամը» հասցրել է բազմաթիվ բարեգործական բիզնես-ծրագրեր իրականցրել Հայաստանի մարզերում և Արցախում: Այդ ծրագրերի ոլորտները բազմազան են. համայնքային զարգացում, սոցիալական աջակցություն, շրջական միջավայրի պահպանում և այլն:

Տարբեր բարեգործական ձեռնարկումներին զուգահեռ, Ջեյմս Թուֆենկյանը կարողացավ Հայաստանում կատարել ճշգրիտ հաշվարկված նպատակային ներդրում հյուրանոցային ցանցում:
Ջեյմս Թուֆենկյանն այսպիսի մի խոստովանություն ունի. «Որքան շատ ժամանակ էի անցկացնում Հայաստանում՝ այնքան ավելի մոտիկից էի ծանոթանում տեղական կյանքին, ճաշակելով երկրի բարիքները, ճանաչելով մշակույթը, բացահայտելով բնաշխարհն ու թերթելով նրա պատմության էջերը, և ինձ թվում էր, որ սրտումս մի գաղտնիք ունեմ պահած, և ցանկացա այն կիսել ամբողջ աշխարհի հետ»:

Դիզայն և փիլիսոփայություն

Ջեյմս Թուֆենկյանի կարգախոսն է. «Մեզնից հետո մեր շրջակայքը թողնել ավելի լավ վիճակում, քան մինչև մեզ էր»: Եվ դրանք հենց այնպես ասված բառեր չեն՝ այդ կարգախոսը նա հաջողությամբ իրականություն է դարձնում: Հայաստանում «Թուֆենկյան Ավանդական» ցանցի բոլորս չորս հյուրանոցները կառուցված են Թուֆենկյանի ընդհանուր գաղափարական սկզբունքին համահունչ՝ հյուրանոցների արտաքին հարդարանքում առավելագույն կեպով պահպանվել է մինչ այդ եղած շրջակա միջավայրը: Հաշվի է առնվում ամեն մանրունք. անգամ դրսում աճող սովորական թուփը կարող է ընդհանուր բնապատկերի մի կարևոր մասնիկը դառնալ:

Tufenkian Heritage Hotels ցանցի հյուրանոցները:

Յուրահատուկ են նաև այդ հյուրանոցների ներքին հարդարանքին տրված լուծումները: Այստեղ բավականին հաջող կերպով հայկական ազգային տարրերը, որոնք ամենուրեք են և հատուկ ընդգծված, համադրվում են հարմարավետության միջազգային բարձր չափորոշիչների հետ:

«Զբոսաշրջիկի համար շատ կարևոր է ապրել ավանդական ոճով և ազգային բնութագիր ունեցող հյուրանոցներում: Օրինակ՝ նրա համար հետաքրքիր չէ Երևանում տեսնել այնպիսի շենքեր և միջավայր, որոնք նման են Լոս Անջելեսում իր տեսածներին: Նա պետք է զգա հայկական ճարտարապետության ոճը, շփվի հայ մշակույթի հետ՝ և միայն այդ դեպքում նրան այստեղ իրոք հետաքրքիր կլինի»,- ասում է Ջեյմս Թուֆենկյանն ու իրականություն դարձնում այդ ամենը:

armeniasputnik.am