Ինչպես գիտենք՝ հայերն ամենուր են, աշխարհի ամեն անկյունում: Տարբեր երկրներում հասել են մեծ բարձունքների, գրեթե բոլոր ոլորտներում, այդ թվում՝ երաժշտության, արվեստի, քաղաքականության, սպորտի, գիտության, և իհարկե՝ բիզնեսի։ Երևի չեք կարողանա գտնել մի երկիր, ուր հարուստ հայեր չլինեն։ Բազմաթիվ վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ ամենաշատ մեծահարուստ հայերն ապրում են Ռուսաստանում և ԱՄՆ-ում։
Սերգեյ Գալիցկի (Հարությունյան)
Կարողությունը՝ 6,4 միլիարդ դոլար
«Մարդիկ, ովքեր չեն հարստանում, ծույլ են, կամ էլ ուղղակի նրանց առաջնահերթություններն են այլ»,-ասում է նա։
Սերգեյ Գալիցկին հայտնի հայ միլիարդատեր է, ով իր գործունեությունը ծավալում է Ռուսաստանում։ Նա «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբի նախագահն է, ինչպես նաև Ռուսաստանի ամենամեծ սուպերմարկետների ցանցի՝ Մագնիտի սեփականատերն է։ Ողջ Ռուսաստանով մեկ կա Մագնիտի 5 000 խանութ, ուր աշխատում են ընդհանուր առմամբ 200 000 մարդ։
Սերգեյ Գալիցկին մեծացել է ռուսական միջավայրում։ Նա չի խոսում հայերեն, սակայն բազմիցս նշել է, որ հպարտ է իր հայկական արմատներով։ Շվայտ կյանքի սիրահար է՝ ունի սեփական զբոսանավ, ինքնաթիռ․․․ Սիրում է հսկայական գումարներ ծախսել հանգստի, ճամփորդությունների համար։
Սամվել Կարապետյան
Կարողությունը՝ 4,3 միլիարդ դոլար
Ռուսաստանաբնակ մեկ այլ հայ մեծահարուստ Սամվել Կարապետյանն է։ Նա բազմիցս ներառվել է Forbes-ի՝ Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ցանկում։ Սամվել Կարապետյանը ունի գիտությունների դոկտորի աստիճան, ինչպես նաև 30 գիտական աշխատանքների հեղինակ է։ Այժմ նա «Տաշիր Գրուպի» սեփականատերն է, որն իր գործունեությունն է ծավալում թե՛ Հայաստանում, թե՛ Ռուսաստանում։
Էդուարդո Էռնեկյան
Կարողությունը՝ 1․9 միլիարդ դոլար
Էդուարդո Էռնեկյանը համարվում է Հարավային Ամերիկայի ամենահարուստ մարդկանցից մեկը։ Նա ծնվել է Արգենտինայում, հայ գաղթականների ընտանիքում։ Էռնեկյանը Corporation America-ի սեփականատերն է, որը զբաղվում է ինքնաթիռների բիզնեսով, գյուղատնտեսությամբ, էներգետիկայով, վաճառքով և բանկային գործերով։ Այժմ նա զբաղվում է նաև գինու արտադրությամբ։
Դանիել Խաչատուրով
Կարողությունը՝ 1․9 միլիարդ դոլար
Բացի աշխարհի ամենահարուստ հայերից մեկը լինելուց, Խաչատուրովը նաև հայտնի է իր խարիզմայով։ Հայաստանում նա ավելի քիչ հայտնի է։ Նա այնքան էլ չի սիրում իր մասին խոսել, բայց մեկ անգամ նշել է, որ իր ամենալավ կողմերից են աշխատասիրությունը, ինչի շնրոհիվ էլ հաջողության է հասել։ Դանիել Խաչատուրովը Ռոսգոստրախի՝ Ռուսաստանում ամենամեծ ապահովագրական ընկերության նախագահն է։
Սերգեյ Սարկիսով
Կարողությունը եղբոր հետ միասին՝ 2,4 միլիարդ դոլար
Սերգեյ Սարկիսովը ևս բնակվում է Ռուսաստանում։ Նա ռուսական RESO-Garantia-ի հիմնադիրն ու սեփականատերն է։ Նրա եղբայրը՝ Նիկոլայ Սարկիսովը ևս հաջողակ բիզնեսմեն է։ Նրանք համարվում են Ռուսաստանի ամենահարուստ ընտանիքներից մեկը։
Ալբերտ Ավդոլյան
Կարողությունը՝ 0,8 միլիարդ դոլար
Ճոխության սիրահար Ալբերտ Ավդոլյանը հիմնականում մասնագիտացել է հեռուսահաղորդակցության ոլորտում։ Նա WiMAX-ի և Expater-ի սեփականատերն է, ինչպես նաև Yota-ի բաժնետերը։ Ալբերտ Ավդոլյանը այն հայերից է, որը սիրում է ուշադրության կենտրոնում լինել։ Նա երբեք չի թաքցրել իր սերը դեպի շքեղ կյանքը։ Ի դեպ, վերջերս նա Մալթայի քաղաքացիություն է ձեռք բերել։