«Միսս Արմենիա 2017» մրցույթը շուրջ շարունակում է մնալ վեճերի կիզակետում։ Ինչպես հայտնի է, «Միսս Հայաստան ազգային գործակալություն» ՀԿ-ն պահանջում է արգելել իրենց պատկանող ապրանքային նշանի կիրառումն ու չեղյալ համարել սեպտեմբերի 24-ին նախատեսված մրցույթը։
«Միսս Հայաստան 1998» տիտղոսակիր, «Միսս Արմենիա 2017» մրցույթի կազմակերպիչ Գոհար Հարությունյանին դատարանը արգելել է «Միսս Հայաստան» ապրանքանշանի օգտագործումը ցանկացած ձևով։ Մինչև դատի մեկնարկը` հուլիսի 12–ին, Գոհարը փոխել է հիմնադրամի անվանումը` գրանցելով «Միսս Արմենիա» համահայկական հիմնադրամը, մրցույթն էլ վերանվանել «Միսս Արմենիա 2017»։ Հայցվորի ներկայացուցիչ Հարություն Հարությունյանն էլ դատարանին նոր միջնորդություն է ներկայացրել՝ վերանվանված հիմնադրամի նկատմամբ ևս հայցի ապահովում կիրառել։ Կենտրոն և Նորք-Մարաշ դատարանը բավարարել է միջնորդությունը` արգելել ով «Միսս Արմենիա» հիմնադրամին ապրանքային նշանի ցանկացած օգտագործում:
Tert.am Life–ը կապ է հաստատել Գոհարի փաստաբան Արայիկ Ղազարյանի հետ. վերջինս նշել է, որ մրցույթը կայանալու է, բայց չի ցանկանում մանրամասներ հայտնել։ «Դատարանի այդ որոշումը արգելք չէ մրցույթն անցկացնելու համար։ Այլ մանրամասներ մենք կհայտնենք առաջիկայում»,– ասել է Արայիկը։