Միշտ դեպի լույս Facebook-յան էջի հրապարակման շարունակությունը.
– Ուրեմն այդքան դեգերումներից հետո Պոլի՞սը նախընտրեցիք, – հարցրին Եվրոպայում ուսանած ու շռայլ կյանք տեսած երիտասարդները։
– Եվրոպայում բազմաթիվ հրավերներ ունեցա՝ թե՛ Բեռլինի և թե՛ Փարիզի օպերաներում երգելու՝ այն էլ շատ բարձր հոնորարով, բայց գերադասեցի իմ թշվառ հայրենիքը։ Ո՞ւմ թողնեի իմ խեղճ ու կրակ, իմ անպաշտպան ժողովրդին, գոնե իրենց երգերը գրի առնելով ու իրենց վերադարձնելով ուրախացնում եմ, – ասացԿոմիտասը, ցավով ընդգծեց, որ իր պաշտելի Էջմիածինն իր համար անտանելի է դարձել՝ միաբանների ստեղծած ճնշիչ մթնոլորտով։
– Լսել եմ, որ Պոլսում ուզում եք կոնսերվատորիա բանալ, հայ և օտար երիտասարդների երաժշտական կրթություն տալով՝ ազնվացնել նրանց, ես կաշխատեմ կառավարության միջոցով աջակից լինել, – ասաց թուրքական պառլամենտի անդամ Գրիգոր Զոհրապը լրջությամբ։
– Դա տարիներու երազանքս է եղել, մեծ ցանկությունս՝ որևէ տեղ երաժշտանոց բաց անել և հայ երաժշտության ապագա բախտը տնօրինողներ պատրաստել, – ասաց Կոմիտասը Զոհրապին և դառնալով Վենետիկի Մուրադ-Ռափայելյան վարժարանում սովորած և Բելգիայի Գլենդելի համալսարանում բարձրագույն կրթություն ստացած Վարուժանին՝ ասաց.
– Եթե երաժշտանոց հիմնելու հարցը լուծվի, քու բանաստեղծություններից շատերը շատ երաժշտական են, ուզում եմ երգի վերածել և սովորեցնել։ Գիտե՞ս ինչպես կհնչի «Ձոնդ», իսկ «Հունձք կը ժողվեմ» բանաստեղծությունդ իսկական գեղջկական լիրիկական պատրաստի երգ է։
Իսկ երբ Վարուժանը պատմեց իր նոր ծրագրերի մասին՝ մշակել հայ ժողովրդական ավանդություններն ու առասպելները և ամբողջացնել «Սասնա ծռեր» ժողովրդական էպոսը, Կոմիտասը խանդավառվելով ավելացրեց.
– Հրաշալի բան կլինի։ Շուտով ավարտելու եմ «Անուշ» օպերան, որից հետո անցնելու եմ «Սասնա ծռեր»-ին։ Գուցե լիբրետոն դու գրես, Վարուժա՛ն։ «Ջարդդ» կարդացի, ցնցող էր։