Միշտ դեպի լույս Facebook-յան էջի հրապարակումը
Պոլսում, ընկերներով (Կոմիտասն ու Փանոս Թերլեմեզյանը) դեռ չէին հասցրել լրիվ դասավորել բնակարանը, երբ հնչեց դռան զանգը, Կոմիտասը, իր սովորության համաձայն, գերմաներենով ասաց. «Hereine» (մտեք), ներս մտան 4 գեղեցկադեմ երիտասարդներ՝ եվրոպական հագուստով։ Նրանցից ամենահամարձակը՝ կոկիկ հագնված, ձյունաթույր օսլայած օձիքով, բարեկիրթ արտաքինով, փոքրիկ սև բեղերով, կողքի սանրված հարթ մազերով երիտասարդը, Դանիել Վաչուժանն էր, որը առաջինը մոտեցավ Կոմիտասին, գրկախառնվեցին։ Կոմիտասը հյուրերին աթոռներ առաջարկեց և ներկայացրեց իր նկարիչ ընկերոջը, իսկ Վարուժանը՝ իր ընկերներին։ Նախ նա ներկայացրեց գեղեցիկ արտաքինով, փոքրիկ, կարծես տուշով գծած բեղերով Գրիգոր Զոհրապին՝ նրան բնութագրելով այսպես.
– Ասիկա իր մեջ ներդաշնակորեն կպահե օրենսգետի և իրավաբանի, պետական ու հասարակական գործչի, հռետորի և հրապարակախոսի, նորարար գրողի և գրականագետի, ճարտարագետի և դասախոսի հազվագյուտ տաղանդն ու ընդունակությունները։ Օսմանյան պառլամենտին մեջն ալ հայ ժողովրդին ընտրյալն է…
Վարուժանը պատրաստվում էր էլի գովեստի խոսքեր ասել ընկերոջ վերաբերյալ, երբ Կոմիտասը, ձեռք մեկնելով, ասաց.
– Հույն երիտասարդդ շատ կսիրեմ. արժանապատվությունը բարձր գնահատող և ցածր մարդիկ արհամարհող մարդ է (խոսքը Զաբուղոնի մասին է):
– Իսկ երջանիկ մահը վա՞տ բան է, – Զոհրապին մոտեցավ Փանոսը՝ հարցն ուղղելով Կոմիտասին։ Նա կարդացել էր նորավեպի տաղանդ Զոհրապի բոլոր գործերը և շատ էր ցանկանում տեսնել նրան. ահա և երջանիկ պահ։
Զոհրապն այնպես տպավորվեց երիտասարդ նկարչի սրտում, որ հենց Պոլսում էլ նկարեց նրան։
– Իսկ անիկա մեր քնարերգու Ռուբեն Սևակն է, – թուխ դեմքով, վառվռուն աչքերով, փարթամ մազերով, բարալիկ, հաճելի բեղերով երիտասարդին մոտ բերելով՝ ծանոթացրեց Վարուժանը։
– Սակայն ասիկա ոչ միայն հոգիներ կազնվացնե, այլև կբուժի հիվանդ մարմինները…
– «Փոքրիկ աղջիկդ» էլ շատ կսիրեմ, – ասաց Կոմիտասն ու ձեռքը մեկնեց ավելի ամոթխած Ռուբեն Սևակին։
– Ատոմ Յարճանյանի ամենախորունկ վիշտը կարոտախտն է, սիրելի՛ Հայր սուրբ, անիկա ձեր նման մեկ համբույրի ու ցավի մեջ կմիացնե հարսերը՝ տնասեր, ու փեսաները՝ տարաշխարհիկ, մայրերը՝ հայրենապահ, և զավակները՝ նժդեհական, որոնց երգերը դուք շատ լավ գիտեք, սիրելի՛ վարդապետ, և նրանց երգերը բոլորին եք հասցնում։
– Երիտասարդի դեմքը՝ նկարից, գործերը գրքից գիտեմ. «Հարսին երազը» անզուգական է, – նկատեց Կոմիտասը։
Երբ հայ վեց տաղանդավոր մտավորականները բոլորել էին սեղանի շուրջը, Կոմիտասը մատուցեց իր ձեռքով եփած անուշաբույր սև սուրճը (միշտ ինքն էր պատրաստում և գրեթե իր բոլոր հյուրերին միշտ սուրճով ու մրգով էր հյուրասիրում): Ծայր առավ մտերմիկ խոսակցությունը…
Հատված Խաչիկ Բադիկյանի «Կոմիտասը, ինչպիսին եղել է» գրքից