
Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին, որը գտնվում է տարերային աղետի գոտում, շնորհակալություն է հայտնել «Հայաստանին, Ադրբեջանին, Թուրքիային և Բելառուսին այն ակտիվ օգնության համար, որը նրանք Վրաստանին ցուցաբերում են Բորժոմի կիրճում խոշոր հրդեհի վերացման գործում»:
Ինչպես օգոստոսի 24-ին վարչապետը հայտարարել է լրագրողներին, Թբիլիսին ողջունում է ՌԴ-ի դիրքորոշումը, որը պատրաստակամություն է հայտնել օգնել Բորժոմի կիրճում հրդեհի վերացմանը:
Նա նշել է, որ «Ռուսաստանը նույնպես օգնություն ցուցաբերելու պատրաստակամություն է հայտնել»:
«Այն պայմաններում, երբ մենք շատ բարդ հարաբերություններ ունենք Ռուսաստանի հետ, այս հրդեհի վերացման գործում օգնություն ցուցաբերելու նման առաջարկությունը ողջունելի է»,- ասել է վարչապետը: