Նոր ուսումնական տարում միավորված դպրոցների քանակը կլինի 14: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:
«Մենք, ըստ էության, նոր գործ չենք անում: Դպրոցների միավորումը դեռևս գարնանից սկսված գործընթաց է, ի դեպ, այն օպտիմալացում չէ: Աշակերտների քանակով պայմանավորված՝ հարևանությամբ գտնվող դպրոցները միավորվում են: Այն դպրոցներում, որոնք ունեն 60-80 աշակերտ, հոսքային ուսուցում կիրառելը հնարավոր չէ: Եթե դպրոցները մոտիկ են՝ փորձել ենք միացնել: Միավորվում են այն դպրոցները, որտեղ կրթական որակ ապահովելը շատ դժվար էր», – ասաց նախարարը:
Թե ինչ է սպասվում միավորված դպրոցների աշխատակազմերին, Լևոն Մկրտչյանն ասաց, որ հիմնական կրճատումը լինելու է ադմինիստրատիվ կազմից, իսկ երկու տասնյակ ուսուցիչներին փորձում են տեղավորել համակարգում:
Թափուր շենքերի հարցը ևս կլուծվի, օրինակ` մեկ քոլեջ կտեղավորվի դպրոցներից մեկում:
Ինչ վերաբերում է երկու հայտնի հայի անունով կոչվող դպրոցներին, որոնք միավորվում են, Լևոն Մկրտչյանն ասաց, որ դա միավորման երկրորդ խնդիրն է: «Երկրորդ խնդիրը, որ պետք է լուծենք, անունների հարցն է: Սա իսկապես բավականին բարդ հարց է, այնպես անել, որ մեր ժողովրդի համար թանկ անուններով դպրոցները մնան»,- ասաց նախարարը: