Վրաստանի պատրիարքարանը քաղցրավենիք է ուղարկել հրշեջներին և փրկարարներին, որոնք պայքարում են Բորժոմի ազգային պարկում բռնկված հրդեհի դեմ։ Այդ մասին հայտնել է Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը։
ArmLur.am-ը մեկնաբանության համար դիմել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանին` հասկանալու համար՝ ի՞նչ է արել Ն. Ս. Օ. Տ. Տ Գարեգին Բ-ն կամ ինչ է պատրաստվում անել: «Պետք չէ զուգահեռներ անցկացնել:
Շատ ուրիշ միջոցառումներ և ծրագրեր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից են իրականացվում, որոնք վրացական եկեղեցին չի իրականացնում: Բայց վրացական կողմում որևէ մեկը չի արծարծում այդ հարցը՝ Ամենայն կաթողիկոսն այսպիսի ծրագրեր է իրականացրել: Կարծում եմ` այդ համեմատություններն ամբողջովին անտեղի են: Ես գիտեմ, որ մասնավոր այդպիսի ձեռնարկ չի իրականացվել: Մենք համագործակցություն ունենք Արտակարգ իրավիճակների նախարարության հետ, սակայն այս պարագային որևէ հավելյալ ձեռնարկում Մայր Աթոռի կողմից չի իրականացվել»,- նշեց Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:
Հավելենք, որ Վրաստանի պատրիարք Իլյա Երկրորդը որոշել էր Բորժոմի կիրճ ուղարկել բարձրաստիճան հոգևորականների։ Իլյա Երկրորդը կոչ էր արել բոլոր հավատացյալներին աղոթել։
Լիդա Եղիազարյան