«Միսս Արմենիա» համահայկական հիմնադրամի պատասխանն իրեն դատի տվողներին
Advertisement 1000 x 90

«Միսս Արմենիա» համահայկական հիմնադրամի պատասխանն իրեն դատի տվողներին

«Միսս Արմենիա» համահայկական հիմնադրամը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Միսս Հայաստան–Ազգային գործակալություն» հասարակական կազմակերպությունը տարբեր լրատվամիջոցներով շարունակում է տարածել տեղեկություններ այն մասին, որ իբր «Միսս Արմենիա» համահայկական մշակութային հիմնադրամը (Հիմնադրամ) խախտում է հասարակական կազմակերպության մտավոր սեփականության իրավունքները, քանի որ նախաձեռնում է անցկացնել գեղեցկության մրցույթ հասարակական կազմակերպության սեփականություն հանդիսացող «Միսս Հայաստան» ապրանքանիշի ներքո։

Հիմնադրամը հայտարարում է, որ հարգում է յուրաքանչյուրի իրավունքները, այդ թվում նաև նշված հասարակական կազմակերպության մտավոր սեփականության իրավունքը ապրանքանիշի նկատմամբ։ Միևնույն ժամանակ հիմնադրամը հիշեցնում է, որ ապրանքանիշի օգտագործման ժամանակավոր արգելքի վերաբերյալ դատարանի որոշումը որևէ կերպ չի առնչվում գեղեցկության մրցույթ անցկացնելուն։ Որևէ անձ կամ կազմակերպություն չունի և չի կարող ունենալ մենաշնորհ գեղեցկության մրցույթ անցկացնելու համար։ Հարուցված դատական վեճը վերաբերում է բացառապես վերը նշված արտահայտության՝ որպես ապրանքանիշի կիրառությանը։ Մինչդեռ Հիմնադրամը երբեք չի հայցել որևէ իրավունք նշված ապրանքանիշի նկատմամբ և այդ առումով բացակայում է ոչ միայն որևէ փաստ, այլ նաև վեճ։ Այսինքն, հասարակական կազմակերպության ներկայացրած դատական հայցերը Գոհար Հարությունյանի և Հիմնադրամի դեմ հանիրավի են, իսկ բարձրացրած աղմուկը՝ աննպատակահարմար։

Եթե հասարակական կազմակերպությունը իրապես մտահոգ էր ապրանքանիշի ճակատագրի նկատմամբ, ապա զարմանալի է, թե ինչու կազմակերպությունը երկար տարիներ որևէ գործունեություն չի ծավալել այդ ապրանքանիշը գործածելու ուղղությամբ։ Առավել զարմանալի է, թե ինչպես են կազմակերպությունը և նրա ղեկավարը ժամանակակից գործարար միջավայրի պայմաններում պատրաստվում
անցկացնել գեղեցկության մրցույթի նման բարդ ու ծավալուն միջոցառում հասարակական կազմակերպության մոդելով՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ կազմակերպության գործունեությունը, ըստ հարկային էլեկտրոնային կայքի, դադարեցված է:

Գեղեցկության մրցույթներ անցկացնելու կազմակերպաիրավական ձև չունեցող, երկար տարիներ գործունեություն չծավալող, ժամանակավորապես դադարեցված կազմակերպությանը չի պատկանում Հայաստանում գեղեցկության մրցույթների կազմակերպման բացառիկ իրավունք, և վերջինս չի կարող խոչընդոտել Հայաստանի Հանրապետության և նրա բնակչության համար կարևոր նշանակություն ունեցող մշակութային միջոցառման անցկացմանը:

Վերստին հավաստիացնելով, որ Հիմնադրամը հարգանքով է տրամադրված յուրաքանչյուրի իրավունքների նկատմամբ, ցանկանում ենք բոլորին տեղեկացնել, որ գեղեցկության մրցույթը տեղի է ունենալու՝ պատշաճ եղանակով և օրենքով սահմանված կարգով:

wnews.am