Հույս, հավատ, սեր, խաղաղություն. այս համամարդկային արժեքներն են քարոզում «Ֆրեսկո» փառատոնին ներկայացված ֆիլմերը: Փառատոնը կմեկնարկի օգոստոսի 25-ին ժամը 20:30-ին Երևանի Կարապի լճի տարածքում, իրադարձությանը նվիրված ասուլիսում այս մասին ասացին փառատոնի կազմակերպիչները:
«Փառատոնը ձնագնդիկի պես մեծանում է շնորհիվ կամավորների աջակցության: Այն ոչ մասնագիտական է: Ֆիլմերն ընտրված են ամբողջ աշխարհից՝ էկոլոգիական աղետների, միգրացիայի, ընտանեկան խնդիրների և այլնի մասին: Կան նաև արտամրցութային ֆիլմեր: Ունենք հյուրեր արտերկրից, որոնք ներկայացնում են իրենց երկրի ֆիլմերը»,-ասաց փառատոնի տնօրեն Աննա Կարապետյանը:
Կարապի լճի տարածքում կլինեն ֆիլմերի դիտումներ, համերգներ, հանդիպումներ կինոգործիչների հետ: Կկազմակերպվեն նաև բացօթյա դիտումներ Երևանի այլ մասերում: Կարևոր է նաև համայնքների ներգրավումը, որտեղ մշակութային կյանքը համեմատաբար պասիվ է: «Մարզային ծրագիրը փառատոնի շրջանակում իրականացվող գլխավոր ծրագրերից է, որը կտևի 3 օր: Դրանք միշտ իրականացնում ենք պատմամշակութային վայրերում, որպեսզի ուշադրություն հրավիրենք մեր արժեքների վրա: Ցուցադրություններ և վարպետության դասեր կլինեն Լոռու մարզում՝ Սանահինում, Հաղպատում, Քոբայրում»,- ասաց Աննա Կարապետյանն ու հավելեց, որ փառատոնային ֆիլմերի քանակը տարեցտարի աճում է: Այս տարի շատ են նաև Հայաստանից ներկայացված ֆիլմերը՝ 8 ֆիլմ:
Փառատոնի մասնակից Վահան Արծրունու խոսքով՝ նոր ֆիլմերի այս ստուգատեսն ունի սոցիալական և մշակութային որոշակի բովանդակություն: Նրա կարծիքով՝ փառատոնը յուրօրինակ մոտեցմամբ է ներկայացնում արդի արվեստը:
«Այս փառատոնը բարություն է, այլ կերպ չեմ կարող կոչել այն: Եթե դուք ուզում եք բարության պիտակին նայել, նայեք «Ֆրեսկո»-ի խորհրդանիշին՝ այս երեք ձկներին»,-ասաց փառատոնի խորհրդի անդամ իսրայելցի լուսանկարիչ Դմիտրի Բրիկմանը:
«Ֆրեսկո»-ի գաղափարի համահեղինակ Շահեն Նազարենկոն ասաց, որ փառատոնի հուշանվերներն այս տարի Ջուղայի խաչքարերի փոքր կրկնօրինակներն են: Դրանք պատրաստել են Խարբերդի մանկատան սաները և բացմանը կբաժանվեն ներկաներին: Փառատոնի բացմանը կհնչի ազգային երաժշտություն: Ելույթ կունենան Ջիվան Գասպարյանը, Արսեն Գրիգորյանը, այլ երաժիշտներ: