Երեկ Գայանե Ավետիսյանի տարեդարձն էր: Թեև դերասանուհին տոնական խնջույք չէր կազմակերպել ու օրն անցկացրել էր ընտանեկան միջավայրում, բայց Life.panorama.am-ի հետ զրույցում Գայանեն պատմեց, որ անակնկալների պակաս չի զգացել.
«Ծննդյանս տոնական օրը սկսվեց կեսգիշերից, երբ եղբայրս և ընկերներս տոնական տորթով ու ծաղիկներով անակնալ էին կազմակերպել, երաժիշտներ էին հրավիրել, որոնց հետ մենք էլ երգեցինք ու պարեցինք: Չեմ կարող չասել, որ չնայած հատուկ չէի կազմակերպել, բայց օրս իսկապես տոնի վերածվեց, ինչի համար շատ շնորհակալ եմ ընտանիքիս ու ընկերներիս»,- պատմեց Գայանեն ու հավելեց, որ ծննդյան օրվա լավագույն նվերը ծնողներից է ստացել.
«Շատ հուզիչ էր, երբ առավոտյան արթնանալով, կողքիս պահարանին մի շատ գեղեցիկ բացիկ տեսա, որի մեջ դրված էր իմ անվան տառերով աքրոստիկոս ու շատ հաճելի խոսքեր` գրված հորս կողմից: Դա իսկապես ամենաթանկ նվերն էր»,- հավելեց դերասանուհին:
Գայանեն վստահեցրեց` ծննդյան օրը առանձնահատուկ է խորհում կյանքի ու անելիքների մասին.
«Ծննդյան օրը խորհելու, մտածելու, ինքդ քեզ հասկանալու, թերություններդ շտկելու և առավելություններդ պահելու օր է: Տարեդարձդ միայն քոնն է, այդ օրը կարողանում ես գնահատել և քեզ, և քեզ շրջապատող մարդկանց: Ամեն տարի ևս մեկ տարով մեծանում ու դրանով նաև իմաստանում ես. Հենց սա է տարեդարձի ամենակարևոր իմաստը»,- ընդգծեց մեր զրուցակիցը:
Խոսելով իր կյանքի շրջադարձային փոփոխությունների մասին` Գայանեն նշեց.
«Վաղուց եմ հասկացել, բայց այսօր կբարձրաձայնեմ այս մասին` հասկացել եմ, որ կյանքում ամենակարևոր կետին հասնում ես այն ժամանակ, երբ ինքդ քեզ հետ ազնիվ ես քո բոլոր քայլերում, երբ ինքդ քեզ հետ ներդաշնակ ես: Ես հասել եմ ներքին ներդաշնակության` ինքս իմ վրա աշխատելով: Աստծուն մշտապես խնդրում եմ, որպեսզի այն մարդիկ, ովքեր իսկապես իմն են, միշտ մնան ինձ հետ ու լինեն առողջ և անփորձանք, իսկ նրանք, ովքեր իմը չեն, թող անցավ, անպատճառ և լուռ հեռանան»:
Բազում բարեմաղթանքներին զուգահեռ Գայանեն ինքն իրեն մաղթում է ամենակարևորը.
«Ինքս ինձ մաղթում եմ, որպեսզի այսուհետ կարողանամ պահել այն ներքին խաղաղությունն ու բալանսը, որն ունեմ, որպեսզի միտքս, հոգիս ու սիրտս նույն ճանապարհով քայլեն: Նաև ինքս ինձ մաղթում եմ, որ ընտանիքիս անդամներն ու մտերիմներս միշտ առողջ լինեն, իսկ ես էլ մշտապես նրանց կողքին լինեմ»,- նկատեց նա:
Անդրադառնալով գործնական ծրագրերին` Գայանե Ավետիսյանը պատմեց, որ այս ընթացքում նկարահանվել է «Միլիոնը թակարդում» 25 մասանի ֆիլմում, որը սեպտեմբերի 4-ից կլինի «Արմենիա Պրեմիումի» եթերում:
«Հեռուստադիտողին քրեական մելոդրամա է սպասվում, որը հուսամ շատ հետաքրքիր կլինի: Այստեղ ներկայանում եմ խիստ ու խանդոտ կնոջ կերպարում: Ռեժիսորը Հարութ Շատյանն է, իսկ խաղընկերներս են Անի Պետրոսյանը, Սոֆյա Պողոսյանը, Արշալույս Փանոսյանը, Նաիրա Մովսիսյանը, Աշոտ Տեր-Մաթևոսյանը, Էլեն Ասատրյանը և այլք: Պետք է խոստովանեմ, որ շատ լավ անձնակազմ էր հավաքված: Ինքս ինձ համար բացահայտեցի Սոֆյա Պողոսյանին, ում հետ նախկինում չէի խաղացել, նրա հետ շատ հետաքրքիր էր: Ի դեպ` այս ընթացքում ստացել եմ նաև երկու գեղարվեստական ֆիլմերում նկարահանվելու առաջարկ, որոնց մասին ավելի ուշ կխոսեմ»,- ավարտեց դերասանուհին: