Ադրբեջանում անասելի խուճապ է․ Ինչ է սպասվում մոտ օրերին․ hraparak.am
Advertisement 1000 x 90

Ադրբեջանում անասելի խուճապ է․ Ինչ է սպասվում մոտ օրերին․ hraparak.am

Խըզիում ադրբեջնական զինապահեստում հրդեհ է բռնկվել: Հաջորդել են պայթյուններ: Տարհանվել է մերձակա վեց գյուղերի բնակչությունը: Մարդկանց համար վրանային ճամբարներ ստեղծել է ԱԻ նախարարությունը: Աղետի վայրում աշխատում են հրշեջ-փրկարարներ, բժիշկներ: Երթևեկությունը դեպի Ռուսաստանի սահման դադարեցված է, փակ է Բաքու-Ղուբա ավտոճանապարհի հիսուն կիլոմետրանոց հատվածը: Սոցիալական ցանցերում տեղեկություն է հայտնվել, որ բնակչության տարհանում է սկսվել, երբ բնակավայրերում արկեր են պայթել: Ադրբեջանի առողջապահության նախարարությունը հայտնել է ընդամենը վեց վիրավորի մասին: Այդ տեղեկատվությանը շատ դժվար է հավատ ընծայել` դատելով միայն այն փաստից, որ վեց գյուղերի բնակիչներ տարհանվել են, ինչը խոսում է աղետի իրական ծավալների մասին:

Դեպքը տեղի է ունեցել առավոտյան` ժամը 9-ի սահմաններում: Մինչդեռ տեղեկատվությունը տարածվել է ուշացումով: Իսկ ավելի ուշ հայտնի է դարձել, որ Իլհամ Ալիևի կարգադրությամբ ստեղծվել է հատուկ հանձնաժողով, որի կազմում ընդգրկվել են ՊՆ, ԱԻն, ճանապարհային ոստիկանության, դատախազության, առողջապահության նախարարության և գործադիր իշխանության տեղական մարմինների ներկայացուցիչներ: Դատախազությունը, ՊՆ-ն և ԱԻՆ-ը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որտեղ ասված է, որ զորամասերից մեկի զինապահեստում չպարզաբանված հանգամանքներում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով «պայթել են ուտիլիզացիայի համար առանձնացված զինամթերքներ»:

Վերջին ձևակերպումն ակնհայտորեն արված է տպավորություն մեղմելու համար: Պարզ է, որ բռնկված հրդեհը չէր կարող հասնել միայն «ուտիլիզացիայի համար առանձնացված» զինամթերքների պահեստին, իսկ մյուսները թողնել անվտանգ: Իրականում, ամենայն հավանականությամբ, հրդեհը և պայթյունները խուճապ են առաջացրել ոչ միայն տվյալ զորամասում և հարակից բնակավայրերում, այլև Ադրբեջանում առհասարակ:

Զինդատախազությունը հարուցել է քրեական գործ, զորամասի հրամանատարությունը և կոնկրետ պատասխանատու անձինք, հավանաբար, արդեն իսկ ձերբակալված են: Այդ պայթյուններն ի դերև են հանում Ադրբեջանում «ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան զինված ուժեր ունենալու» մասին ալիևյան քարոզչությունը, մերկացնում դաժան իրականությունը:

Դա է պատճառը, որ աղետի վայր լրագրողների մուտքն արգելված է, մաս-մեդիան տարածում է բացառապես պաշտոնական տեղեկատվություն: Բացառություն են սոցիալական ցանցերը, որտեղ օգտատերերը նաև տեսանյութեր են հրապարակում: Դրանք սիրողական տեսագրություններ են, բայց նույնիսկ այդ մակարդակով էլ որոշակի տպավորություն են փոխանցում. Բաքվից 60 կիլոմետր հեռավարության մի զինվորական ավան ամբողջովին մատնվել է հրդեհի:

Պատահարի մասին, կարելի է համոզված լինել, սպառիչ տեղեկատվություն չի տրվի: Ալիևյան քարոզչությունն ամեն ինչ կանի, որպեսզի նվազեցնի կատարվածը: Իրականում, սակայն, զինապահեստների կորուստը, դրա պատճառով Ադրբեջանի կրած նյութական և մանավանդ բարոյական ահռելի վնասների թեման դառնալու են ներիշխանական սուր քննարկումների առարկա: Հնարավոր է, որ լինեն նաև մի շարք պաշտոնանկություններ: Խուճապը հաղթահարելուց հետո գալու է պատասխանատվության կանչելու հերթը:

hraparak.am



Նման նյութեր