Վրաստանի Ախալքալաքի շրջանի Կարզախ գյուղում օգոստոսի 27-ին անցկացվել է ավանդական տոնակատարություն՝ նվիրված այստեղ ծնված ականավոր աշուղ, բանաստեղծ, երաժիշտ Ջիվանիի (Սերոբ Լևոնյան) ծննդյան հերթական տարեդարձին՝ 171 ամյակին: Նույն օրը Թբիլիսիում հայ գրողների և հասարակական գործիչների Խոջավանքի պանթեոնում «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրդյանի նախաձեռնությամբ սկիզբ է դրվել նոր ավանդույթի՝ Ջիվանիի շիրմին ծաղիկներ դնելուն:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այստեղ հավաքվել էին Թբիլիսիի հայ մտավորականության և հոգևորականության ներկայացուցիչները: Ծաղիկներ դնելու արարողությունն ուղեկցվել է Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի աղոթքով: Նա նշել է, որ այս ակցիան հոգևոր մասնակցություն է Կարզախ գյուղում հայրենակիցների կազմակերպած հանդիսություններին:
Ջիվանու՝ 800-ից ավելի ստեղծագործությունների հեղինակի, դերի մասին խոսել է հայ բանասիրության պրոֆեսոր Էմմա Ախթյանը: Նա նշել է, որ Ջիվանու բազմակողմանի ստեղծագործությունն մեծապես տարբերվում էր հայերենի մաքրությամբ, ի տարբերություն գործընկեր աշուղների երգերի, որոնցում առատ են փոխառությունները:
Վան Բայբուրդյանը ուշագրավ տեղեկություններ է հայտնել աշուղի սերունդների մասին, ինչպես նաև հորդորել է հասարակայնությանը, հայկական դպրոցների ուսուցիչներին, որ հետագայում այսօրինակ միջոցառումներ նվիրվեն նաև մնացած բոլոր պատմական անհատներին, որոնք հանգչում են պանթեոնում, որպեսզի երիտասարդությունը հանգամանալի պատկերացում ունենա նրանց մասին: