Կայծակնային հաջողության գաղտնիքն իմացող Սևակ Խանաղյանը, հարուստ կենսափորձ ունեցող Նունե Եսայանը, աստղային ճանապարհ անցած Արամեն և նորովի ներկայանալու վարպետ Սոֆի Մխեյանը կբացահայտեն 4–րդ «Հայաստանի ձայնին»։ Նախագծի նոր եթերաշրջանը կմեկնարկի աշնանը։ Գլխավոր գաղտնիքը` ժյուրիի կազմն արդեն բացահայտված է։ «Արմենիա TV»–ի գլխավոր պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանն ու «Հայաստանի ձայնը» նախագծի գլխավոր պրոդյուսեր Իրինա Վարդանյանը Tert.am Life–ի ընթերցողների համար մի շարք բացահայտումներ են արել նոր եթերաշրջանի մասին։
«Համոզված եմ` հետաքրքիր եթերաշրջան է լինելու։ 2 տարվա դադարից հետո կան փոփոխություններ, այդ թվում` տաղավարային, բացի այդ, աշխատում ենք գերհզոր լուսային տեխնիկայով, որի շնորհիվ մեր շոուն դառնալու է ավելի գեղեցիկ և արդյունավետ։ Լուսային աշխատանքների աջակցման համար շնորհակալ ենք EX production event company–ին ի դեմս` Գևորգ Աղաբալյանի»,– ասաց Իրինան ու հավելեց, որ նախագծի հաջողությունը հավասարաչափ կախված է մարզիչներից և մասնակիցներից։ Իրենք ընտրել են պրոֆեսիոնալ ժյուրիի անդամների, իսկ մասնակիցները, վստահ է, այս անգամ էլ զարմացնելու են հեռուստադիտողներին։
«Հայաստանը բավականին փոքր է։ Ամեն անգամ ահուդողով մտածում ենք, արդյոք կան նորանոր տաղանդներ, բայց հայերս երգող ազգ ենք։ Այս անգամ ևս հանդիսատեսը կզարմանա, թե ինչքան տաղանդավոր մարդիկ կան մեր կողքին։ Կբացահայտենք նոր դեմքերի»,– ասաց նա։
Ամբողջությամբ՝ life.tert.am