Դերասանուհի, մոդել Շուշան Երիցյանը Life.panorama.am-ին պատմել է, թե ինչպես է անցկացրել ամառային հանգիստն ու նաև խոսել է առաջիկա անելիքների մասին:
«Ընկերուհուս՝ դերասանուհի Տաթև Սարգսյանի հետ որոշել էինք մեկնել եվրոպական երկրներ հանգստանալու, սակայն վիզաների հետ կապված խնդիրներ ունեցանք ու չկարողացանք մեկնել Եվրոպա, փոխարենը միասին գնացինք Մոսկվա, այնուհետև Սոչի, որտեղ իսկապես անմոռանալի հանգիստ անցկացրինք»,- պատմեց Շուշանն ու շարունակեց.
«Տաթևի հետ Հայաստանի սահմաններում և Վրաստանում շատ ենք հանգստացել, բայց սա մեր համատեղ առաջին երկար ճանապարհորդությունն էր: Ինչպես ասում են՝ մարդու հետ ճանապարհ պետք է գնաս, որպեսզի իսկապես ճանաչես նրան: Ուրախ եմ, որ մեր այս ճանապարհորդությունը էլ ավելի հաստատեց մեր ընկերությունը: Հասկացա, որ ես ու Տաթևը իդեալական ընկերուհիներ ենք, մեր հետաքրքրություններն անգամ նույնն են, հանգստի ընթացքում երբեք չի պատահել, որ ես մի բան ցանկանամ, նրան հարմար չլինի, կամ հակառակը»:
Ամռան ընթացքում Շուշանը եղել է նաև Փարիզում: Նրա խոսքով՝ միայնակ է այնտեղ մեկնել, բայց ձանձրույթ չի զգացել.
«Քանի որ դեռ փոքրուց ծնողներս ինձ բավականին ինքնուրույն են մեծացրել, փոքր տարիքում միայնակ մեկնել եմ Չինաստան, Ճապոնիա, ուստի միայնակ հանգիստն անցկացնելն ինձ չի վախեցնում, ինքս մեծ պատասխանատվություն ունեմ իմ անձի նկատմամբ: Թեև մի քանի օր եմ ընդամենը եղել Փարիզում ու մեկնելուս հիմնական պատճառն էլ գործնական հանդիպումն էր, բայց հասցրեցի նաև վայելել փարիզյան փողոցներն ու հետաքրքիր վայրեր այցելել: Փարիզում ամեն մի շենք հետաքրքիր է, այստեղ հոգնելն ու ձանձրանալը անհնար է»,- պատմեց Շուշանը:
Մեզ հետ զրույցում Շուշան Երիցյանը փակագծեր չբացելով՝ նշեց, որ այս պահին գործնական մեծ ծրագրեր ունի.
«Առաջիկա ամիսներին հայկական երկարատև նախագծերից ոչ մեկում չեմ նկարահանվելու: Հիմա մի աշխատանքով եմ զբաղված, որի մասին նախընտրում եմ քիչ ավելի ուշ խոսել: Բումային նորություն է սպասվում հանդիսատեսին, այն իսկապես շրջադարձային է լինելու ինձ համար»,- հավելեց նա: