Մոտ 6 տարի է` ինչ դերասանուհի Ժաննա Բուտուլյանը հեռուստաեթերում է։ Այս ընթացքում Ժաննան ներկայացել է միայն սցենարիստ, պրոդյուսեր Դիանա Գրիգորյանի նախագծերում։ «Առաջնորդների նկարահանումների ավարտից հետո, սակայն, Ժաննան առաջարկ է ստացել նկարահանվել «Մեղրամիս» հեռուստասերիալում և ընդունել է այն։
Tert.am Life–ի հետ զրույցում Ժաննան ասել է, որ միանգամից է համաձայնել նկարահանվել այս հեռուստանովելում։ «Երբ երկար տարիներ մի թիմում ես աշխատում, փոփոխությունը, կարծես, բաժանություն լինի, սակայն հետաքրքիր է, քանի որ ինձ համար նոր է։ Կերպարս էլ շատ եմ սիրել։ Շատ է տարբերվում իմ նախորդ դերերից։ Ես միշտ մարմնավորել եմ հարուստ ընտանիքի աղջիկների։ Այս անգամ հերոսուհիս համեստ ընտանիքից է, աշխատում է, որպեսզի վճարի իր ուսման համար։
Կերպարս ներկայացնելիս սցենարիստն ասաց, որ լուրջ աղջիկ է, մի քիչ բարդ կերպար է։ Նա խնդիրներ է ունենում աշխատավայրում, օգնության է հասնում ֆիլմի գլխավոր հերոսը, որին մարմնավորում է Վաչե Ամարյանը։ Հերոսի հետ մտերմանում են։ Սիրային գիծ դեռևս չկա, սակայն հնարավոր է` լինի»,– ասաց Ժաննան։
Դերասանուհին նկատեց, որ իր համար շատ հաճելի է ունենալ Վաչե Ամարյանի պես խաղընկեր։ «Նա շատ հաճելի գործընկեր է։ Շատ ուրախ եմ իր հետ աշխատելու համար։ Իրեն շատ եմ սիրում որպես երգիչ, եթերից էլ շատ էի հավանում իր կերպարը։ Ծանոթությունից հետո էլ հասկացա, որ նաև լավ մարդ է»,– ասաց Ժաննան։
Ամբողջությամբ՝ life.tert.am