Նոր թեստը կօգնի մեկ ժամում հայտնաբերել մենինգիտը
Advertisement 1000 x 90

Նոր թեստը կօգնի մեկ ժամում հայտնաբերել մենինգիտը

Բելֆասթի Queens University-ի գիտնականները նոր թեստ են մշակել, որը կարող է ընդամենը մեկ ժամում բացահայտել մենինգիտը:

Ըստ էության՝ թեստի համար բերանից սովորական քսուք են վերցնում, որի օգնությամբ նաև ԴՆԹ-ի անալիզ են անցկացնում: Արդյունքները կարելի է շատ արագ ստանալ, ինչը զգալիորեն կբարձրացնի մենինգիտի բուժման արդյունավետությունը: Ներկայում այս հիվանդության ախտորոշման համար կիրառվող թեստերը մինչև 48 ժամ են պահանջում, քանի որ դրանք հարկավոր է լաբորատորիա ուղարկել: Շատ դեպքերում դա վտանգավոր է հիվանդի համար, քանի որ բուժումը սկսելը հետաձգվում է՝ մինչև անալիզի արդյունքները ստանալը:

Նոր մշակումը կարևոր է, քանի որ, մասնագետների գնահատմամբ, մենինգիտի 50% դեպքերը չեն ախտորոշվում, և երեխաներին ու մեծահասակ հիվանդներին սխալմամբ տուն են ուղարկում: Այլ հիվանդությունների պարագայում սա կարող է այնքան էլ վտանգավոր չլինել, սակայն մենինգիտի դեպքում թերապիան երկու օրով ուշացնելը կարող է հիվանդի մահվան պատճառ դառնալ: Երբեմն էլ մարդիկ սխալմամբ մենինգիտի դեմ բուժում են ստանում՝ հզոր հակաբիոտիկներ ընդունելով, որոնք նրանց պետք չեն:

Մենինգիտն ուղեղն ու ողնաշարը շրջապատող պաշտպանիչ թաղանթի վտանգավոր ինֆեկցիա է, սակայն հաճախ այն սխալմամբ գրիպի նման վիրուսային ինֆեկցիայի հետ են շփոթում, քանի որ նույն ախտանշաններով է ուղեկցվում՝ բարձր ջերմություն, գլխացավ, վատ ինքնազգացողություն:

med.news.am