Սան Ռեմոյի, Կաննի և այլ հեղինակավոր միջազգային մրցույթների դափնեկիր տաղանդավոր և հանրահայտ իրանցի երգչուհի Գուգուշը այսօր՝ օգոստոսի 31-ին մենահամերգով հանդես կգա Երևանում: Նա կկատարի հայերենով, պարսկերենով, իսպաներենով և անգլերենով երգեր: Համերգի և այլ հարցերի շուրջ օգոստոսի 30-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեց երգչուհին:
«Շատ երջանիկ եմ, որ այստեղ եմ, ձեզ հետ: Երկար տարիներ ցանկանում էի ելույթ ունենալ իմ հայրենի երկրին կից երկրներում, սակայն դա հնարավոր չէր տարբեր պատճառներով: Վերջապես իմ փափագն իրականացավ: Ընդգծեմ, որ բազմաթիվ հայ երկրպագուներ ունեմ ամեն տեղ՝ ԱՄՆ-ում, Իրանում և այլուր: Հենց դա է պատճառը, որ նաև հայերենով երգեր եմ կատարում»,- նշեց Գուգուշը:
Նա շեշտեց, որ իր կյանքում եղել է մի փուլ, երբ դադարեցրել է գործունեությունը: «Իմ երկիրը բեմն է, բայց Իրանում ինձ երկար տարիներ թույլ չէին տալիս հանդես գալ երաժշտասերների առաջ, և ոչ միայն ինձ, այլև շատ այլ կանանց: Բազմաթիվ պատճառներով չէի կարողանում թողնել հայրենիքս և այլընտրանք չունեի: Որոշեցի լռել. սպասեցի, սպասեցի ու, վերջապես, կարողացա ազատ լինել»,- ասաց երգչուհին:
Գուգուշը մի շարք երգեր է գրել՝ ոգեշնչվելով պարսիկ բանաստեղծ, իրավաբան և աստվածաբան Ռումիից: «Նա ինձ համար հիանալի պոետ է: Կարդացել եմ նրա գրքերը, դիտել հետաքրքիր ֆիլմեր ու դրանց ազդեցության ներքո անգամ երգեր գրել և այդ երգերից բաղկացած ալբոմ ձայնագրել Կանադայում»,- շեշտեց նա:
Երգչուհու խոսքով՝ տվյալ երգերը չեն հնչելու այսօր կայանալիք համերգին, բայց ինքը կարծում է, որ երաժշտասերները կհավանեն այն ստեղծագործությունները, որոնք ինքը պատրաստվում է ներկայացնել:
Գուգուշն ասաց, որ Հայաստանի մասին մտածելիս առաջին հերթին մտաբերում է հայ երաժշտությունը, քանի որ երբ հանդիպում է տեղի երաժիշտներին, տեսնում է, թե որքան կրթված են նրանք:
«Հայ երաժիշտները շատ են օգնել երաժշտարվեստի զարգացմանը: Ես հիանում եմ այնպիսի հայ ստեղծագործողներով, ինչպիսիք են՝ Վարուժանը, Անդրանիկը, Վիգենը, և այլք»,-եզրափակեց Գուգուշը՝ հույս հայտնելով, որ երկրպագուները մեծ բավականություն կստանան կայանալիք համերգային ծրագրից:
Գուգուշը ծնվել է Թեհրանի Սարիչեշմե փողոցում, Սաբեր և Նասրին Աթաշինների ընտանիքում: Հիանալի ձայնի ապագա կրողը դեռևս մանկության տարիներին սկսել է հոր հետ ելույթ ունենալ։ Դեռևս 7 տարեկանից նկարահանվել է ֆիլմերում։ 1971 թվականին Կաննում երգել է «Retour de la ville» և «J’entends crier je t’aime» երգերը ֆրանսերենով և զբաղեցրել է առաջին տեղը։
Նրա բեմական անունը հոր հայազգի ընկերոջ՝ Թեհրանում ճանաչված երգիչ Գուգուշ (Գուրգեն) Վանաքիի անունն է, որի հետ մանկության տարիներին համերգներ է ունեցել, իսկ հայրը կրկեսային համարներ է ցուցադրել:
Իր հայրենի Իրանում նա մնում է որպես նորաձևության սիմվոլ և վայելում է հսկայական ժողովրդականություն։
Սակայն իրանական Իսլամական հեղափոխությունից հետո 1979 թվականին արգելում են նրա ելույթները հայրենի Իրանում։
2000 թվականից տեղափոխվում Լոս Անջելես, որտեղ ապրում է մինչ օրս: