«Լիդիանի» պրեզենտացիան տպավորել է ԱՄՆ դեսպանին
Advertisement 1000 x 90

«Լիդիանի» պրեզենտացիան տպավորել է ԱՄՆ դեսպանին

Ամուլսարի հանքը շահագործող «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերությունն այսօր ներկայացրեց ընկերության 2016 թվականի Կայուն զարգացման հաշվետվությունը:

«Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը հայտարարեց, որ այս հաշվետվությունը շատ կարևոր է իրենց ընկերության համար, իրենք առաջին անգամ են նման բան անում. «Սա առաջին փորձն է, սրա մեջ կան ինչպես՝ 2016 թվականի մեր ձեռքբերումները, այնպես էլ՝ բացթողումները, դրանով էլ է այս հաշվետվությունը շատ կարևոր մեր ընկերության համար»:

Հ. Ալոյանի խոսքով՝ այսօր Հայաստանի Հանրապետությունում հանքարդյունաբերական ոլորտն ունի ոչ բարձր վստահություն. «Մենք նման բաց և թափանցիկ երկխոսությամբ, խնդիրների մասին քննարկելով՝ ուզում ենք վերականգնենք այդ վստահությունը: Ես՝ որպես «Լիդիան Արմենիա» ընկերության ղեկավար, նաև՝ հանքարդյունբերության միության նախագահ, շահագրգռված եմ, որ նման վստահությունը վերականգնվի ոլորտի նկատմամբ: Կարծում եմ՝ այդ վստահությունը կվերականգնվի պատասխանատու  հանքարդյունաբերությամբ, ոլորտում մոդերնիզացիայով և թափանցիկությամբ: Կարծում եմ՝ «Լիդիան Արմենիա» ընկերությունն այդ առումով արդեն կարևոր քայլեր է արել»:

«Լիդիան Արմենիա» ընկերության կայուն զարգացման գծով փոխնախագահ Ռոբերտ Քարրուն նշեց, որ սա մեծ իրադարձություն է իրենց համար. «Սա մեր առաջին Կայուն զարգացման զեկույցն է, ու հույս ունենք, որ այն ավանդույթ կդառնա առաջիկա տարիների համար: Այս պահին աշխարհի հանքարդյունաբերական ընկերությունների 99 տոկոսը հաշվետվություններ են հրապարակում: Այն ստեղծված է ներկայացնելու հետևյալը՝ ցույց է տալիս հաշվետվողականություն, վստահություն, թափանցիկություն, ինչը նշանակում է, որ մենք գիտենք, որ մենք հաշվետու ենք, մենք ճանաչում ենք մեր պատասխանատվությունը մեր բոլոր շահագրգիռ կողմերի առջև: Մենք պարտավոր չենք սա անելու, բայց ցանկանում ենք, որովհետև դրական փորձ ունենք: Մենք արդեն սկսել ենք շինարարությունը, և այս հաշվետվությունը փաստացիորեն հնարավորություն է տալիս ցույց տալու, թե ինչ ենք արել: Մենք շատ լավ, դրական փորձ ունենք ու ցանկանում ենք դրանով ձեզ հետ կիսվել: Սա երկխոսություն բացող, սառույց կոտրող գործիք է: Լսե՞լ եք, կարդացե՞լ եք, կարող են սկսել քննարկումը, յուրաքանչյուր պահի մենք միշտ բաց ենք այս երկխոսությունը սկսելու համար»:

«Լիդիան Արմենիա» ընկերության կայուն զարգացման գծով ավագ մենեջեր Արմեն Ստեփանյանն էլ լրագրողների հետ զրույցում հստակեցրեց, որ սա վերաբերում է միայն Ամուլսարի նախագծին, և ոչ թե՝ ընդհանուր Հայաստանի հանքարդյունաբերությանը. «Հիմնական կետերի իմաստն այն է, որ բոլոր ռիսկերը ժամանակին գնահատվել են, համապատասխան նվազեցման միջոցառումներ նախագծվել են: Տարբեր մասնագետների գնահատմամբ, որոնք ժամանակ են ունեցել այդ 6 հազար էջը նայելու, մեր կողմից նախագծված միջոցառումները լրիվ բավարար են ազդեցությունները կա՛մ ամբողջությամբ չեզոքացնելու, կա՛մ հասցնելու ընդունելի սահմանների»:

Միջոցառմանը ներկա Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը հարցով դիմեց Ա. Ստեփանյանին՝ ասելով, թե կա՞ համայնքների կողմից բողոքների ընդունման մեխանիզմ, և ինչպե՞ս է այդ փորձը վերջին տարիներին աշխատել: Ի պատասխան՝ Ա. Ստեփանյանն ասաց, որ, այո, գանգատարկման մեխանիզմ ներդրված է և գործում է. «Կա երկու հիմնական մեծ մեխանիզմ, մեկը գործում է մարդկային ռեսուրսների գծով, մյուսը՝ հենց համայնքի համար առանձին: Արդեն քանի տարի է՝ ներդրված են, գործում են: Նախկինում եղել են գանգատարկման դեպքեր, որ մենք շատ արագ արձագանքել ենք դրանց, սակայն արդեն շինարարական աշխատանքների ծավալների աճի հետ մեկտեղ, նաև որոշակի գանգատներ շատացան՝ կապված այն փոփոխությունների հետ, որ մարդիկ տեսնում էին՝ իրենց համայնքի շուրջ իրականանում են՝ փոշի կլիներ, նոր աղմուկ կլիներ, նոր գործունեություն, և մենք շատ արագ մինչ այսօր արձագանքել ենք բոլոր գանգատներին: Այո, մեխանիզմ կա, և այն գործում է»:

Լրագրողները նաև Ռ. Միլսից հետաքրքրվեցին, թե այս խոշոր ներդրումը ԱՄՆ-ի կողմից որքանո՞վ է արդարացնում նրանց սպասելիքները: Ի պատասխան՝ դեսպանը նախ հստակեցրեց, որ սա անգլոամերիկյան համատեղ ներդրում է. «Այսօր ես տպավորված եմ այս պրեզենտացիայով, որը ներկայացվեց «Լիդիանի» կողմից, որը, մասնավորապես, ի ցույց է դնում նրանց պարտավորությունների, հանձնառությունների կատարումը շրջակա միջավայրի հետ կապված հարցերում, աշխատուժի հանդեպ պարտավորությունների և շրջակա համայնքների մասով: Ուրախալի է տեսնել, որ բրիտանական և ամերիկյան գործարար մշակույթի տարրերը ներդրվում են նրանց աշխատանքի միջոցով: Այն, ինչ այսօր մեր լսեցինք ընկերության ներկայացուցիչներից, ցույց է տալիս, որ ընկերությունը պատրաստ է բաց, թափանցիկ կերպով աշխատել շրջակա համայնքների հետ ու նաև պատրաստ է ներկայացնել առկա ռիսկերը, որոնք հանքարդյունաբերության ոլորտում մշտապես լինում են: Մենք տեսնում ենք, որ այս ընկերությունը, ամերիկյան գործարար ավանդույթների համաձայն, պատրաստ է բաց և թափանցիկ աշխատել համայնքների հետ»:

Դեսպանը նաև ասաց, որ ինքն այցելել է ընկերություն, ծանոթացել է նրանց աշխատանքների իրականացմանը. «Շատ տպավորիչ է այն ամենը, ինչ կատարվել է: Ես նաև եղել եմ այն համայնքներում, որոնք կրելու են այս աշխատանքների ազդեցությունը՝ տեսնելու, թե ինչպիսի նոր բիզնեսներ կան այնտեղ, որոնք կաջակցեն այս աշխատանքներին, ինչ ազդեցություններ են կրելու համայնքները, ինչ ռիսկեր և օգուտներ կան այս աշխատանքների հետ կապված, և դա արդեն Հայաստանի կառավարության,  համայնքների համար կարևոր է, որպեսզի հնարավոր լինի հավասարակշռել այդ օգուտները և ռիսկերը: Իսկ ընկերությունը, ինչպես տեսնում ենք, իր պատրաստակամությունն է հայտնում պատասխանատու ձևով իր գործունեությունն իրականացնել»:

Հիշեցնենք, որ «Լիդիան Արմենիանը» երկրաբանահետախուզական աշխատանքներ է իրականացնում Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզում՝ Ամուլսարի տարածքում՝ 2006 թվականից սկսած: ՀՀ կառավարության կողմից տրվել է Ամուլսարի ծրագրի Ընդերքօգտագործման իրավունքը և Ծրագրի շինարարության համար բնապահպանական թույլտվությունը: 2016 թվականին ապահովելով անհրաժեշտ ֆինանսավորումը՝ այժմ Ամուլսարի ծրագրի շինարարությունն ընթացքում է: Այս պահին Ամուլսարի հանքավայրում ընթանում են հանքի շինարարության աշխատանքները, որը տևելու է մինչև 2018 թվականի գարուն:

b4b.am