Շուտով կմեկնարկի «Հայաստանի ձայնը» նախագծի չորրորդ եթերաշրջանը, որն արդեն հայտնվել է քննարկումների թիրախում։ Նախագծի ժյուրիի անդամների կազմում ընդգրկված է նաև երգիչ Արամեն։ Վերջինս Tert.am Life–ի հետ զրույցում ասաց, որ իրեն շատ հետաքրքիր ճանապարհ է սպասվում։ Միաժամանակ, սա փորձություն է երգչի համար։
«Համաձայնել եմ մասնակցել այս նախագծին, որպեսզի ինձ փորձեմ նոր կարգավիճակում։ Շատ լավ ու դրական եմ տրամադրված, սակայն ընթացքը ցույց կտա` ինչն ինչպես կլինի։ Ես պետք է լինեմ սառնասիրտ ու օբյեկտիվ, ասեմ այն, ինչ մտածում եմ։ Կարծում եմ` ոչ միշտ բոլորը կհամաձայնեն ինձ հետ, որովհետև դա լինելու է իմ կարծիքը»,– ասաց երգիչը։
Խոսելով ժյուրիի անդամների հետ հարաբերությունների մասին` Արամեն նշեց, որ մրցակցություն, բնականաբար, լինելու է. «Ամեն մեկս մեր չափով փորձելու ենք հաղթել, սակայն իմ կարծիքով` այստեղ հաղթում է ոչ թե մարզիչը, այլ կատարողը, որովհետև հետագա ճանապարհը լինելու է կատարողինը։ Մենք պարզապես պետք է օգնենք, աջակցենք և ոչ մի դեպքում չխանգարենք, որպեսզի նրանք ցույց տան իրենց պոտենցիալը»։
Մի բան է անցնել ճանապարհ, բոլորովին այլ բան է սովորեցնել` ինչպես անցնել այդ ճանապարհը։ Արամեն նկատեց, որ առաջին անգամ է հարության առջև ստանձնելու ուսուցչի դերը, թեև մինչև այս շոուբիզնեսային ընկերներից շատերին է օգնել իրենց ճանապարհի սկզբին։
«Ամենակարևորն ուզում եմ հաճույք ստանալ այս ամենից և օգնել այն երիտասարդներին, որոնք հույս են կապում ոչ միայն նախագծի, այլև մեզ հետ։ Մենք այնտեղ նստելու ենք ոչ թե իրենց խանգարելու, այլ օգնելու համար։ Պետք է փորձենք օգնել հաղթահարել հուզմունքը, իրենց հետ համախմբվենք մի գաղափարի շուրջ։ Իրենք պետք է զգան, որ ուզում ենք իրենց օգնել, ոչ թե խիստ դատել և ցույց տալ այն, ինչ գիտենք ու կարող ենք։ Իհարկե, դա էլ ենք անելու, սակայն հօգուտ մասնակիցների,– նշեց մարզիչը, ապա հավելեց,– պատասխանատվությունը շատ մեծ է։ Պետք է փոխանցեմ այն, ինչ ես կարող եմ։ Մենք չենք սովորեցնելու երգել, որովհետև գալու են, գրեթե, պատրաստի երգիչներ։ Մարզչի աշխատանքն ավելի շատ լինելու է երգերի ընտրության և կատարողական վարպետության մասով»։
Արամեն գաղտնազերծեց, որ նախապատվությունը տալու է հայալեզու կատարումներին, քանի որ սա «Հայաստանի ձայնն է»։ «Հայալեզու երգեր կատարողներին ավելի ուշադիր կլսեմ, կմոտենամ ոչ այդքան խիստ` ակնկալելով, որ հետագայում միասին կարող ենք անել հետաքրքիր այլ բաներ։ Մասնակիցը կարող է երգել լավ, բայց երգի ընտրությունը սխալ լինի և տուժի կույր լսումներին։ Ես նրանց կմոտենամ ավելի խորացված»,– ասաց նա։