Ռադիոտան պուրակում, Ալեք Մանուկյան 5, արդեն 2-րդ տարին է, ինչ շարունակական կարգով բացվում և ներկայացվում են ռադիոյի և հեռուստատեսության երախտավորների հուշասալիկները:
Այս անգամ գործիչների անունները համալրվեցին ևս 8 անունով.
Երգչուհի Ռաիսա Մկրտչյանը, որը երկար տարիներ եղել է Ռադիոյի և Հեռուստատեսության էստրադային նվագախմբի մեներգչուհին:
Կոմպոզիտոր Մելիք Մավիսակալյանը, ղեկավարել է Ռադիոյի և Հեռուստատեսության էստրադային նվագախումբը: Նրա գործը հաջողությամբ շարունակել է Երվանդ Երզնկյանը: Նրանց անունները այսօր նույնպես ընդգրկվեցին Ռադիոտան պուրակում:
Ռադիոյի և Հեռուստատեսության վաստակավոր գործիչներից, պուրակում տեղ գրավեց նաև հաղորդավար և լրագրող, հաղորդավարական դպրոցի ուրույն վարպետ՝ Լևոն Պարոնյանի անունը: Շատերը նրան կհիշեն Նառա Շլեպչյանի հետ վարած հաղորդումներից:
Հուշասալիկին գրվեցին դիրիժոր, Ռադիոյի և Հեռուստատեսության սիմֆոնիկ նվագախմբի բազմամյա գեղարվեստական ղեկավար Ռաֆայել Մանգասարյանի և, կինո և հեռուստաօպերատոր Ստեփան Մարտիրոսյանի անունները:
Ստեղծագործական բուռն գործունեություն ծավալած, հայ գրականության և թատերարվեստի երախտավորներ, ընկերներ և կոլեգաներ էին՝ դրամատուրգ, Հեռուստաթատրոնի գլխավոր խմբագիր Արտաշես Քալանթարյանը և Հեռուստաթատրոնի գլխավոր ռեժիսոր Կարլեն Վարժապետյանը:
Արտաշես Քալանթարյանը հեռուստաեթերում առաջիններից էր, որ վեր բարձրացրեց հողին կպած հայ մարդու առօրյան, կենցաղը, ապրումներն ու իղձերը: Նրա «Իմ տունը քո տունն է» հեռուստաշարքը իր ժամանակի ամենասպասված հաղորդումն էր:
Հեռուստատեսությունում ազգային երազանքի, գաղափարախոսության մասին՝ արվեստի արտահայտչամիջոցներով առաջիններից խոսեց և իր բեմադրություններում ներկայացրեց Կարլեն Վարժապետյանը: Նրա բեմադրած ներկայացումներից, Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրի»-ն, Հրանտ Մաթևոսյանի «Մեծամոր»-ը և «Չեզոք գոտի»-ն, առ այսօր արդիական են:
Նշենք նաև, որ Վարժապետյանին հաջողվել է ստեղծել Չարենցի խրթին, պոեմանման վեպի՝ «Երկիր Նաիրի»-ի դրամատիկական համարժեքը, ինչպես նաև հաջողվել է դրամատիկական տեսքի բերել Հրանտ Մաթևոսյանի «Մեծամոր» էսսեն, որոնք բացի հեռուստատեսային լինելուց, ներկայացնում են գրական բացառիկ արժեք:
Արտաշես Քալանթարյանի և Կարլեն Վարժապետյանի անուններն այսօր նույնպես տեղ գտան Ռադիոտան պուրակում:
Միջոցառմանը ներկա էին Հանրային Ռադիոյի տնօրեն Մարկ Գրիգորյանը, որը հանդես եկավ բացման խոսքով, Հանրային Խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանը, հյուրեր: