Ո՞վ կարող էր փոխել վարչապետի որոշումը. 10-րդ դասարանի աշակերտուհին չի ուզում դպրոց գնալ. hayeli.am
Advertisement 1000 x 90

Ո՞վ կարող էր փոխել վարչապետի որոշումը. 10-րդ դասարանի աշակերտուհին չի ուզում դպրոց գնալ. hayeli.am

Արմավիրի մարզի Եղեգնուտ գյուղի միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտուհի Դիանա Հարությունյանը վախենում է դպրոց հաճախել: Պատճառն այն է, որ ամռանը 9-րդ դասարանի ավարտական վերջին քննությունից՝ Հայ ժողովրդի պատմությունից, գերազանցիկ Դիանան անսպասելի կերպով անբավարար ստացավ: Քննական անակնկալի պատճառը, աղջնակի ծնողների հավաստմամբ, այն էր, որ Դիանայի մայրը չէր մասնակցել քննական հանձնաժողովի համար կերուխումի սեղան պատրաստելու արարողությանը. «Երեխայի քառորդային գնահատականները միշտ բարձր են եղել, կոնկրետ հայ ժողովրդի պատմությունից նա 8 և 9 քառորդային գնահատականներ ուներ: Երեխան միշտ էլ բարձր առաջադիմություն է ունեցել բոլոր առարկաներից: Բայց այս քննությունից դասարանի 33 աշակերտից 22-ը անբավարար էին ստացել, այդ թվում նաև իմ աղջիկը, ով իրեն դասարանի ամենալավ սովորողն է»,- պատմում է Դիանայի հայրը՝ Արտակ Հարությունյանը:

Նրա խոսքով՝ քննություններից առաջ աշակերտներից 8000-ական դրամ գումար էր հավաքվել՝ հյուրասիրություն կազմակերպելու համար: Այս գումարով քննությունից հետո տնօրենի, փոխտնօրենի և ուսուցիչների համար ճոխ սեղաններ են պատրաստվել՝ խորովածով, քյաբաբով, բլնչիկով և քյուֆթայով: Դիանայի ծնողները այս գումարը տվել են: «Որոշվել էր, որ ամեն քննության ժամանակ սեղան պատրաստելու հոգսը պիտի հոգան մի քանի ծնողներ: Այդ օրը մեր հերթն էր. ես մի քանի այլ ծնողների հետ պիտի գնայի դպրոց՝ սեղան դնելու: Բայց ես չկարողացա գնալ, որովհետև իմ ընտանիքը մեծ է, երեխաները փոքր են, հողագործությամբ ենք զբաղվում, մի խոսքով՝ ես քննության օրը դպրոց չգնացի:  Սեղանը ուրիշ ծնողներ էին պատրաստել: Ես համոզված եմ, որ այդ պատճառով էլ ինձ պատժեցին՝ իմ աղջկան կտրեցին քննությունից»,- ամուսնու խոսքը շարունակում է Դիանայի մայրը՝ տիկին Գայանեն:

Երբ երեխան լացելով տուն է գալիս և ծնողներին տեղեկացնում, որ ինքը անբավարար է ստացել, հայրը շտապում է դպրոց. «Տնօրենի հետ խոսեցի, շատ կոպիտ պատասխանեց, ասաց. «Ինձ չի հետաքրքրում՝ քո երեխան 8-երով է սովորել, թե 9-երով: Չի պատասխանել, երկուս է ստացել, թող գա վերաքննություն հանձնի, վերջ»: Բայց ինձ համար պարզ էր՝ իրական պատճառն այն էր, որ մենք չէին մասնակցել սեղանի արարողությանը: Փաստորեն միայն գումարը տալը բավարար չէր, պիտի գնայինք տեղը տեղին իրենց սպասարկեինք՝ եփեինք-թափեինք, կերցնեինք դրանց»,- զայրացած ու հիասթափված կնոջն ընդհատում է Արտակը: Ծնողները պատմում են, որ անբավարար ստանալուց հետո Դիանան ընկնում է սթրեսի մեջ՝ նա երեք օր անընդմեջ դուրս չէր գալիս սենյակլից, որևէ մեկի հետ չէր ուզում խոսել: Երեխայի ծնողները, տեսնելով իրենց աղջկա վիճակը, որոշում են նամակ գրել վարչապետ Կարեն Կարապետյանին. «Վարչապետին նամակ գրելուց երեք օր հետո մեզ զանգահարեցին Կրթության տեսչությունից և ասացին, որ տնօրենը հեռացված է աշխատանքից, իսկ երեխային որոշել են նշանակել 14 բալ՝ հաշվի առնելով իր քառորդային գնահատականներն ու ընթացիկ առաջադիմությունը: Մենք հրավիրվեցինք Երևան՝ կրթության տեսչություն: Տեսչության աշխատակից Կարինե Սահակյանը մեզ թելադրեց մի տեքստ՝ համոզեց, որ դա կարգ է, և պետք է գրենք, որ բավարարված ենք բողոքի արդյունքից և գրավոր պատասխան չենք ակնկալում: Մենք այդքանը գրեցինք, տակը ստորագրեցինք և գրավոր պատասխան այդպես էլ չստացանք: Բանավոր խոսքում նա նույնպես մեզ ասաց, որ դպրոցի տնօրենն ազատված է աշխատանքից»,- պատմությունը շարունակեց Դիանայի մայրը՝ Գայանե Պետրոսյանը:

Նրանց պատմելով՝ դպրոցում տեղի-անտեղի դրամահավաքները շատ-շատ են. «Չտալ չենք կարող, մեզ կհոշոտեն: Փոխտնօրենը՝ Եսթեր Դավթյանը, մտնում է դասարան և հայտարարում, թե ինքն այլևս չի ուզում ափսեներ և բաժակներ ստանալ, դրա կարիքը չունի, և պատվիրում է իր ուզած նվերը: Ես շատ կուզենայի  որ տնօրենն ու փոխտնօրենը փոխվեին: Տնօրենի՝ Հովհաննես Մարգարյանի ողջ ընտանիքն աշխատում է դպրոցում՝ ինքը, կինը, երկու որդիները, հորեղբոր որդիները բոլորն աշխատում են այնտեղ: Իրենք իրենց համար կարգ են սահմանել՝ պիտի բոլորն իրենց նվերներ տան, ով էլ չի տալիս, անկախ առաջադիմությունից՝ 1 կամ 2 է ստանում»,- նշում է տիկին Գայանեն և շարունակելով նշում, թե տեսչություն այցելելուց 3-4 օր անց իրենց դարձյալ զանգահարում են կրթության տեսչությունից՝ աշխատակիցներից Արմեն Վիրաբյանը և տեղեկացնում, որ Եղեգնուտի դպրոցի տնօրենը ազատված չէ աշխատանքից, նրան որոշվել է տալ խիստ նկատողություն. «Ես չհասկացա, թե այդ երեք օրվա մեջ ինչ կատարվեց, ով կարող էր կեղծել վարչապետի որոշումը և ինչու այն ժամանակ մեզ խաբեցին»,- նշում է երեխայի մայրը՝ ընդգծելով, որ եթե քննության ժամանակ իր երեխայի նկատմամբ ստոր վերաբերմունք  չցուցաբերվեր, և երեխային ոչ թե բարձր, այլ ընդամենը դրական գնահատական դրվեր, իրենք բողոք չէին գրի: Բայց հիմա, երբ նույն տնօրենն ու փոխտնօրենը շարունակելու են աշխատել, իրենք ունեն լուրջ մտավախություն, որ ոչ միայն Դիանայի, այլ նաև իր մյուս երկու դպրոցահասակ երեխաների նկատմամբ դպրոցում բացասական վերաբերմունք կլինի: Հենց այդ պատճառով էլ Դիանան չի ուզում դպրոց գնալ, և ծնողները չգիտեն, թե ինչ անեն:Նրանց խոսքով՝  իրենք ԿԳՆ չեն դիմել, քանի որ ավելիր շատ վստահել են վարչապետին: Արագ արձագանքը նրանց մոտ դրական հույսեր է արթանացրել, սակայն ոգևորությունն անմիջապես հիասթափության է փոխվել, երբ պարզվել է, որ տնօրեն Մարգարյանը շարունակելու է իշխել դպրոցում: Հարությունյանները բողոքի հետքերով այցելել են նաև Արմավիրի մարզպետարանի կրթության վարչություն և զարմանքով արձանագրել, որ իրենց բողոքն ամբողջությամբ փոխված է, իսկ դասարանի ծնողների մեծ մասն էլ ստորագրություն են տվել, թե ոչ մի դրամահավաք էլ չի եղել

Անի  Սահակյան

hayeli.am