Գեղարքունիքի մարզի Ծաղկունք գյուղի բաց դպրոցը սեպտեմբերի 1-ին իր դռները բացեց 9 առաջին դասարանցու առջև։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, շնորհավորելով աշակերտներին գիտելիքի օրվա կապակցությամբ, ընդգծեց, որ երեխաների ապագան կերտվում է նման հաստատություններում։
«Մեր հանրապետությունում կա 400 դպրոց, որպտեղ սովորեում է 100-ից քիչ աշակերտ։ Նման գյուղերում ընտանիքները իրենց վերջին խնայողությունները են ներդնում, որպեսզի երեխաները սովորեն, և մենք պարտավոր ենք ապահովել որակյալ կրթություն»,- ասաց նախարարը։
Ծաղկունքի բաց դպրոցում երեխաները հնարավորություն ունեն ուսանելու ոչ միայն պարտադիր կրթության մեջ մտնող առարկաներ, այլև կերպարվեստ, արվեստ։ Դասերից ազատ ժամանակ դպրոցում գործում է ակումբ, որտեղ որոշակի ծրագրեր են իրականացվում նաև գյուղի բնակչության համար։
«Դպրոցի նմանատիպ մոդելը իմ կարծիքով շատ հեռանկարային է մեզ համար։ Մենք պետք է գիտակցենք, որ նմանատիպ փոքր գյուղերը մեր ազգային արժեքներն են»,- նշեց Լևոն Մկրտչյանը։
Ծաղկունքի բաց դպրոցի տնօրեն Անահիտ Հովհաննիսյանը, նշելով իրենց դպրոցի առավելությունները, ասաց, որ բացի հանրակրթությունից իրենց դպրոցում զարգացած է նաև գեղարվեստական կրթությունը։
«Մեր աշակերտներն արդեն 5 տարի շարունակ ուսումնասիրում են բեմական արվեստ, քանդակագործություն, դիզայն, կերպարվեստ։ Մեր դպրոցը, կարելի է ասել, որ խնդիրներ չունի, քանի որ «Դար» հիմնադրամը տարիներ շարունակ աջակցել և ներդրումներ է արել, որպեսզի բոլոր կոմունալ հարմարություններն ունենանք»,- ասաց դպրոցի տնօրենը։
Նրա խոսքով՝ դպրոցում ընդհանուր առմամբ սովորում է 124 աշակերտ։ Նրանցից 20-ը գերազանցիկ են։
«Այս տարի մենք ճանապարհել ենք 11 աշակերտ և առաջին դասարան ընդունել 9-ին։ Մենք ունենք 12 դասարան։ 12-րդ դասարանում սովորում են մեր դպրոցի թվով ամենաքիչ աշակերտները՝ 6 աշակերտ, իսկ ամենաշատը 7-րդ դասարանում են՝ 14»,- շեշտեց Անահիտ Հովհաննիսյանը։
Դպրոցի առաջին դասարանցիները մինչ դպրոց գնալը այցելել են նախակրթարան և մանկապարտեզ։ Նրանցից մեկը՝ Անգելինան, ասաց, որ միշտ շատ է ցանկացել դպրոց հաճախել և պատրաստակամ է կիսով չափ հրաժարվել խաղալիքներից ու լավ սովորել։
«Մանկապարտեզում ես ամիսները և տարվա եղանակներն եմ սովորել ու ամենաշատը սիրում եմ ամառն ու ձմեռը»,- ասաց փոքրիկ Անգելինան և վերջում հավելեց, որ ցանկանում է դառնալ բժիշկ։