Քաղցկեղի դեմ գենային թերապիայով պայքարելու մասին FDA-ի որոշումը «պատմական պահ» են կոչել
Advertisement 1000 x 90

Քաղցկեղի դեմ գենային թերապիայով պայքարելու մասին FDA-ի որոշումը «պատմական պահ» են կոչել

ԱՄՆ-ի սննդամթերքի և դեղորայքի որակի վերահսկողության վարչությունը (FDA) հավանության է արժանացրել քաղցկեղի բուժման նոր կուրսը, որի ժամանակ հենց հիվանդի՝ գենետիկորեն մոդիֆիկացված արյան բջիջներն են օգտագործվում:

Դրանք ակտիվացնում են հիվանդի իմունային համակարգը, որպեսզի այն ակտիվորեն ոչնչացնի քաղցկեղային բջիջները: FDA-ի ներկայացուցիչները սա պատմական պահ են կոչել և հավելել, որ բժշկությունը նոր մակարդակի է բարձրանում:

Novartis ընկերության ներկայացրած Kymriah դեղամիջոցով բուժման կուրսի արժեքը 475 հազար դոլար է: Կուրսն անցնելուց հետո հիվանդների շուրջ 83%-ը բուժվել է արյան քաղցկեղի տեսակներից մեկից:

«Հիվանդի բջիջները մահացու քաղցկեղի դեմ պայքարի համար վերածրագրավորելու հնարավորություն ունենալով՝ մենք ելնում ենք բժշկական նորարարությունների նոր մակարդակ: Նոր տեխնոլոգիաները, ինչպիսիք են գենային և բջջային թերապիան, կարող են արմատապես փոխել բժշկությունը և մոտեցնել բազմաթիվ անհույս հիվանդություններն ամբողջությամբ բուժելու՝ բեկումնային պահը»,- հայտարարել է FDA-ի ներկայացուցիչ Սքոթ Գոթլիբը:

Բժիշկ Սթեֆան Գրափը, որը Ֆիլադելֆիայի մանկական հիվանդանոցում առաջինն է կիրառել CAR-T թերապիան, սա կարևոր բացահայտում է կոչել: CAR-T-ի կուրս անցնող 63 հիվանդների 83%-ը երեք ամսվա ընթացքում լիարժեք ռեմիսիայի փուլի է հասել: Գիտնականներն առայժմ տվյալներ են հավաքում նման թերապիայի երկարաժամկետ ազդեցության մասին:

Սակայն բուժումը նաև վտանգներ է պարունակում: Հնարավոր կողմնակի ազդեցություններից է ցիտոկինների արտանետման՝ մահացու վտանգավոր համախտանիշը, որը կարող է զարգանալ մարմնում CAR-T բջիջների արագ տարածման հետևանքով: Դա կարելի է վերահսկել դեղորայքի օգնությամբ:

Սակայն CAR-T տեխնոլոգիայի պոտենցիալը քաղցկեղի միայն մեկ տեսակի բուժման մեջ չէ: Բժիշկ Դևիդ Մալոնին ամերիկյան կարգավորիչի որոշումը դարակազմիկ պահ է կոչել:

«Վստահ ենք, որ սա բազմաթիվ այլ տեխնոլոգիաների շարքում առաջինն է՝ իմունաթերապիայի հիման վրա քաղցկեղի տարբեր տեսակների բուժման համար»,- ասել է նա:

Cancer Research UK բարեգործական կազմակերպության բժիշկ-խորհրդատու, պրոֆեսոր Փիթեր Ջոնսոնը նույնպես FDA-ի որոշումը կարևոր քայլ է կոչել:

«Մենք դեռ պետք է պարզենք, թե ինչպես է պետք է անվտանգ օգտագործել այդ թերապիան և ում է հարմար, այնպես որ՝ հարկավոր է խոստովանել, որ սա ընդամենը առաջին քայլն է»,- ասել է նա:

med.news.am