Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի հյուսիս արևելյան կողմի խոտածածկ տարածքներում այսօր կեսօրվանից հրդեհ է բռնկվել, որը մարելու համար աշխատել են ՀՀ ԱԻՆ փրկարարական ծառայության Գեղարքունիքի մարզի հրշեջ փրկարարները և Սոթք գյուղի մի քանի տասնյակ բնակիչներ՝ գյուղապետարանի անձնակազմի ղեկավարությամբ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Սոթքի գյուղապետ Կոլիկ Շահսուվարյանը, հրդեհը բռնկվել է խոտածածկ տարածքներում, որը տարածվել է մոտ 200 հեկտար տարածքում և ընդգրկել նաև սոճու պուրակները, որոնք ընդգրկում են մոտ 7 հեկտար տարածք:
Դրությունը բարդացել է այնքանով, որ մի կողմից հրդեհի տարածմանը նպաստել է քամոտ ու չոր եղանակը, մյուս կողմից էլ թեք ու քարքարոտ տեղանքում հնարավոր չի եղել մոտեցնել ջրցան մեքենաները, ուստի և հրշեջ փրկարարներին և նրանց աջակցող մարդկանց մնացել է կրակը մեկուսացնել այլ միջոցների գործադրմամբ:
«Այրվեց մոտ 200 հեկտար խոտածածկ տարածք: Կրակը հասավ նաև սոճուտներին: Բարեբախտաբար, միահամուռ ուժերով կարողացանք կանխել աղետը, այլապես սոճու անտառները ևս հրո ճարակ կդառնային: Մի 10-15 կիսայրված ծառ ունեցանք, բայց կրակի տարածումը կարողացանք կանխել: Ուղղակի անձնուրաց ձևով աշխատեցին թե՛ հրշեջները, թե՛ մեր գյուղի երիտասարդները, այլապես վիճակն աղետալի կլիներ: Կրակի դեմ մաքառել ենք հնարավոր բոլոր միջոցներով: Սոճուտները հիմնականում փրկել ենք սոճու թաց ճյուղերի օգնությամբ: Ժամը 19:00-ի դրությամբ կարողացանք մեկուսացնել կրակը: Հավելեմ, որ երկու օր առաջ էլ մեր գյուղում ևս 100 հեկտար խոտածածկ տարածք էր այրվել: Պետք է այսուհետ ավելի աչալուրջ լինենք»,- ներկայացրեց համայնքի ղեկավարը:
Խոսրով Խլղաթյան