Ֆրանսիայում բնակվող մոդել, պարուհի Անուշիկ Մանուկյանը Երևանում նշել է որդու 4 ամսականը, որի առթիվ նոր ֆոտոշարք է իրականացրել։ Tert.am Life–ի հետ զրույցում Անուշիկը նշեց, որ որդու առաջին ֆոտոշարքի կերպարներն իր մտահաղացումն էր։
«Օդաչուի ու արջուկների կերպարներն իմ մտահաղացումն էր։ Օդաչուն հատուկ էր մտածված։ Իմ հարազատ եղբայրը ևս օդաչու է, որը բնակվում է ԱՄՆ-ում, նրա պատվին այդ կերպարը ընտրեցի, մյուս կերպարներն էլ լուսանկարչի հետ քննարկելուց հետո որոշեցինք։ Հիանալի լուսանկարներ են ստացվել»,- ասաց մոդելը։
Վերջինս պատմեց Էվանի մասին։ Նրա խոսքով` իր որդին շատ խելոք երեխա է և մայրիկին նեղություն չի տալիս։ «Չարաճճի չէ։ Դեռ շատ խելոք է։ Գիշերները հանգիստ քնում է, ինչ-որ կապրզներ չունի, հանգիստ է, ժպտերես։ Փորձում է արդեն խոսել, ձայներ է հանում, արձագանքում է, երբ իր հետ խոսում ես։ Առանց ինձ էլ իրեն շատ խելոք է պահում։ Թեկուզ մի քանի ժամով կարողանում եմ թողնել մայրիկիս մոտ և գործի բերումով դուրս գալ տանից»,- նշեց Անուշիկը։
Ի դեպ, Էվանը ծնվել է Փարիզում։ Անուշիկը նշեց, որ ինքը միայնակ է պահել երեխային։ «Դե ամուսնուս ծնողները աշխատում են։ Ես ինքս եմ պահել, խնամել երեխայիս։ Առաջ մտածում էի, որ դժվար է փոքրիկ երեխայի մեծացնել։ Առաջ վախենում էի անգամ գրկել։ Բայց երբ քոնն ես ունենում արդեն բնազդաբար ամեն ինչ էլ անում ես։ Ես ինքս եմ միայնակ լողացրել ու խնամել»,- հավելեց մայրիկը։
Անուշիկի խոսքով` իր որդին ամբողջությամբ փոխել է իր կյանքը։ «Օրս է փոխվել, զգացմունքներս, փորձում եմ ամեն մի վայրկյանը վայելել, քանի որ այս ընթացքում նա այնքան արագ է փոխվում ու մեծանում, որ ամեն մի միմիկան փորձում ես ընկալել ու հասկանալ։ Հրաշալի մի զգացողություն է, երբ քոնն է լինում։ Շատ ուշադիր եմ երեխայիս նկատմամբ և շատ անհանգիստ մարիկ եմ։ Լինում է, որ կաթիկից երեխայի վրա դուրս է տալիս, ես ընկնում եմ խուճապի մեջ։ Ինչքան էլ ինձ ասում են` դա նորմալ է, միևնույն է ես անհանգստանում եմ»,- եզրափակեց մոդելը։