Հայաստանի ազգային հավաքականը պարտվեց ծանր խաղում: Առաջին խաղակեսում տպավորություն էր, որ մեր տղաները հավասար խաղ են անցկացնում, վստահ են պաշտպանությունում և ժամանակ առ ժամանակ սուր հակագրոհներ էին իրականացնում: Սակայն երկրորդ խաղակեսում Տարոն Ոսկանյանը չմտադրված ձեռքով խաղաց, ստացավ երկրորդ դեղին քարտը և հեռացվեց խաղադաշտից: Նշանակված 11-մետրանոց հարվածը վստահ հետ մղեց մեր թիմի դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյանը, ում Արթուր Պետրոսյանը վստահել էր՝ Արսեն Բեգլարյանի փոխարեն:
Անգամ 10 հոգով Հայաստանի հավաքականը մինչև վերջ արժանի պայքար ցուցադրեց, սակայն ավելացված ժամանակում մի պահ կորցրեց ուշադրությունը և գոլ բաց թողեց: Արդարության համար պետք է նշենք, որ Ռումինիայի հավաքականը ևս երկու գնդակ էր կարողացել ուղարկել Մելիքսեթյանի պաշտպանած դարպասը, սակայն դրանք խփվել էին խաղից դուրս իրավիճակից:
Խաղավարտին Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը խոսել է խաղի մասին:
«Ասեմ, որ մինչև կարմիր քարտն այն, ինչ պլանավորել էինք, ստացվեց։ Գնդակի կորուստը մի քիչ շատ էր մեր կիսադաշտում, ինչի պատճառով մրցակցին հնարավորություններ տվեցինք հակագրոհելու, բայց, ամեն դեպքում, մինչև հեռացումը մեր նախատեսված մարտավարությունը գործում էր»,- նշում է Արթուր Պետրոսյանը:
Արթուր Պետրոսյանը նշում է, որ, ցավոք, չկա շնորհավորելու առիթ, թիմը խաղում է միավորների համար, սակայն այս խաղում չստացվեց վաստակել դրանք:
«Ինչ վերաբերում է մարտունակ կազմին, ապա թիմի հիմնական կորիզը կա, բայց դեռ փնտրտուքների մեջ ենք։
Գոլը, կարծում եմ, հոգնածության հետևանք էր։ Տղաները պայքարեցին մինչև վերջին վայրկյանները, նույնիսկ գոլից հետո փորձեցին խաղը փրկել։ Կրկնում եմ, որ այսօր մենք արժանի էինք, որ Բուխարեստից մեկ միավոր տանեինք։ Եթե օգտագործեինք մեր հնարավորությունները, ապա ուրիշ խաղ կստացվեր։
Ոչ մեկի խաղից հիասթափված չեմ, սա թիմային խաղ է, և մեր թիմն արեց ամեն ինչ լավ խաղալու համար։ Իսկ եթե ինչ-որ բան եմ տեսել, ինչը դուր չի եկել ինձ, ապա ես խոսելու եմ իմ ֆուտբոլիստների հետ անհատապես»։
Արթուր Պետրոսյանի խոսքով՝ խաղի ընթացքում դաշտ դուրս եկան երկու հարձակվողներ առաջին հերթին՝ այն պատճառով, որ չկային փոխարինող պաշտպաններ:
«Երկրորդը` հոգեբանական առումով շատ կարևոր էր ցույց տալ թիմին, որ մենք կարող ենք նույնիսկ հաղթել։ Ես ճանապարհ ունեմ անցնելու թիմի հետ, և ոչինչ չի ստիպի ինձ հետ դառնալ այդ ուղուց:
Պետք է չհիասթափվել, պետք է հասցնենք վերականգնվել, այն, ինչ ցույց տվեցինք Ռումինիայի հետ առաջին խաղակեսում, պետք է անենք նույնը Դանիայի հետ 90 րոպեների ընթացքում, տանը, մեր երկրպագուների առջև»։
Սիրարփի Աղաբաբյան