Հայաստանում կաթնամթերքի արտադրության ծավալները այս տարվա առաջին 7 ամիսներին նվազել են՝ գրեթե բոլոր ապրանքատեսակների գծով։ Այս մասին են վկայում ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալները։
Այսպես, պանրի արտադրությունը նախորդ հունվար-հուլիսի համեմատ նվազել է 16.3%-ով և 2017 թվականի հունվար-հուլիսին կազմել 11 014.4 տոննա։
Մածունի արտադրությունը կրճատվել է 1.6%-ով, թթվասերինը՝ 20.1%-ով, կաթնաշոռինը՝ 8.2%-ով։
Կաթի արտադրության ծավալը գրեթե չի փոխվել. 2017 թվականի հունվար-հուլիսին հանրապետությունում արտադրվել է 318.8 մլն լիտր կաթ՝ ներառյալ գյուղացիական տնտեսությունների կողմից արտադրվածը (բացառությամբ ներքին սպառումը)։
Միայն պաղպաղակի արտադրությունն է 5.9%-անոց աճ գրանցել։ Այս տարվա հունվար-հուլիսին հանրապետությունում արտադրվել է 7382.9 հազար լիտր պաղպաղակ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 6972.6 հազար լիտրի դիմաց։