Երեխաներին ինչպե՞ս պաշտպանել ինֆեկցիաներից մանկապարտեզներում և դպրոցներում
Advertisement 1000 x 90

Երեխաներին ինչպե՞ս պաշտպանել ինֆեկցիաներից մանկապարտեզներում և դպրոցներում

Երեխաները մանկապարտեզներում և դպրոցներում բավականին հաճախ են վարակվում ինֆեկցիոն հիվանդություններով, որից հետո վարակում են նաև իրենց ծնողներին: Հազիվ առողջանալով՝ երեխաներն ուսումնական հաստատություններ են վերադառնում և կրկին հիվանդանում են:

Իսրայելցի բժիշկ Իդեն Գորենը ներկայացրել է, թե մանկապարտեզներում և դպրոցներում ինչպես է հնարավոր երեխաներին ինֆեկցիաներից պաշտպանել:

Մասնագետի խոսքով՝ մանկապարտեզներում մանկահասակ երեխաները տարեկան հիվանդանում են մոտ 10-12 անգամ, և սա նորմա է համարվում: Բարձր դասարաններում իմունիտետի զարգացմանը համապատասխան երեխաները սկսում են ավելի հազվադեպ հիվանդանալ՝ տարեկան մինչև 5-6 անգամ: Տարիքին զուգահեռ հիվանդացածության նվազմանը նպաստում է ոչ միայն իմունիտետի ամրապնդումը, այլ նաև այն, որ բարձրդասարանցիները  ավելի լավ են հասկանում հիգիենայի հարցերը՝ ձեռքերը հաճախակի են լվանում, քիչ են հպվում բերանին, քթին և աչքերին:

Մասնագետը նշում է, որ մանկապարտեզներում և դպրոցներում ինֆեկցիաների տարածումը կանխելու մի քանի միջոցներ կան: Առաջին՝ անհրաժեշտ է բոլոր երեխաներին սովորեցնել ձեռքերը հաճախ լվանալ, ավելի քիչ շփվել ընդհանուր օգտագործման մակերևույթների հետ, ինչպես նաև չլվացված ձեռքերով չհպվել դեմքին, բերանին և աչքերին: Անհրաժեշտ է փռշտալ և հազալ թաշկինակի մեջ կամ ափի: Երեխաներին նաև պետք է սովորեցնել զգույշ լինել ընդհանուր օգտագործման վայրերում. հատկապես վտանգավոր են խմելու ջրի ծորակները, որոնց երեխաները հաճախ են շրթունքներով հպվում: Խնդիր են ներկայացնում բազմանգամյա օգտագործման ջրի շշերը, որոնցից հաճախ միանգամից մի քանի մարդ է խմում:

Երկրորդ՝ ինչպես նշել է մասնագետը, անհրաժեշտ է պահպանել այն բոլոր պատվաստումների նախատեսված ժամկետները, որոնց նկատմամբ երեխաները հակացուցումներ չունեն: Եվ վերջապես՝ հիվանդ երեխային անհրաժեշտ է տանը թողնել՝ չի կարելի նրան մանկապարտեզ կամ դպրոց ուղարկել:

med.news.am