Գերմանիայի հիվանդանոցները լիքն են Հայաստանից գնացած հիվանդներով. Գերմանաբնակ մտավորական
Advertisement 1000 x 90

Գերմանիայի հիվանդանոցները լիքն են Հայաստանից գնացած հիվանդներով. Գերմանաբնակ մտավորական

Վերջին տարիներին բազմաթիվ հայաստանցիներ բուժման նպատակով մեկնում են Գերմանիա: Այս երկրում բուժումն ազդարարող բազմաթիվ հայտարարությունների ենք հանդիպում ամեն օր, որոնք առաջարկում են աջակցել այն ծանր հիվանդ հայաստանցիներին, որոնք ապաքինում չեն գտնում հայրենիքում, գնալ և բուժվել Գերմանիայի առաջատար հիվանդանոցներում: Կան նաև այլ երկրներ՝ ասենք Իսրայել կամ ԱՄՆ մեկնողներ, բայց Գերմանիա մեկնողների թիվն անհամեմատ ավելի մեծ է: Այս երևույթը կարծես դարձել է հայի նորօրյա ճակատագրի մի մասը…

Տխուր մի փաստ. այդ հիվանդներից ոչ բոլորն են վերադառնում այնտեղից: Այսպիսի մի բացահայտում արեցինք՝ զրուցելով «Հայ Գերմանիայի «Հայ ակադեմիականների միության» նախագահ, համայնքային գործիչ Ազատ Օրդուխանյանի հետ: Վերջինս ցավով խոսեց երևույթի մասին, ներկայացնելով մանրամասներ, որոնց ինքն ամեն օր առնչվում է.

«Մի սարսափելի թիվ ասեմ՝ չկա մի շաբաթ, որ մենք մահացած չուղարկենք Հայաստան: Կարծես թաղման բյուրոյի ենք վերածել: Հայաստանից եկած վերջին տարիների մեծ մասը հիվանդներ են և մեծ մասը մահանում է այստեղ: Նրանք տառապում են քաղցկեղով, արյան, լյարդի, գլխուղեղի տարբեր հիվանդություններով: Եվ նրանք ամենատարբեր տարիքի մարդիկ են՝ չորս-հինգ տարեկան երեխաներից մինչև երիտասարդներ, ծերեր: Մենք ստիպված ենք լինում մեծ գումարներ վճարելով որոշ ընկերությունների, նրանց մարմինները ուղարկել Հայաստան…»,-ցավով նշեց Ազատ Օրդուխանյանը, ով զբաղվում է հայաստանցի հիվանդների փաստաթղթային և զանազան այլ հարցերով, ինչին նրանք բախվում են Գերմանիայում.

«Այստեղ նրանք գալիս են բուժվելու, բայց մեծ մասը հիվանդության վերջին փուլում է գալիս և անհնար է լինում նրանց կյանքը փրկել: Իհարկե, բուժվողներ էլ կան, կան մարդիկ, որոնց կյանքն են երկարեցնում բժիշկները, նայած հիվանդության տեսակի, փուլի, բայց շատ են մահացության դեպքերը… Մեր ազգը կոտորվում է այսպես: Այս պատմություններին և թվերին ծանոթանալով, մենք այստեղ այնպիսի տպավորություն ենք ստանում, որ մեր ազգը մահանում է: և իմ ներկայացրած թվերը միայն իմ շրջանակում են, Գերմանիան մեծ երկիր է, և թե ինչ է կատարվում մյուս նահանգներում, մանավանդ՝ հայաշատ վայրերում՝ օրինակ, Բեռլին, Մյունխեն, Համբուրգ, Բավարիա, որտեղ ավելի շատ են հայերը, կարելի է պատկերացնել: Սարսափելի է: Եթե միայն իմ շրջանում ես այդպիսի թվեր եմ ներկայացնում, մյուս շրջաններն էլ նման թվեր ունեմ: Ես ամեն օր հիվանդանոցներում թարգմանում եմ, հիվանդների, մահացածների փաստաթղթերը, նրանց առնչվող այլ հարցերով եմ զբաղված…»,-նշեց գերմանաբնակ մեր զրուցակիցը, ավելացնելով, որ հիվանդանոցները լիքն են Հայաստանից եկած հիվանդներով…

«Հայ Ձայն»ի այն հարցին, թե ինչո՞վ է պայմանավորում նման հիվանդությունների կտրուկ զարգացումը՝ մեր հայրենակիցների մոտ և թե ինչ են առհասարակ ասում գերմանացի բժիշկները, Ազատ Օրդուխանյանը պատասխանեց.

«Ես դա պայմանավորում եմ Հայաստանի հանքարդյունաբերության անխնա շահագործմամբ, բուսական, հողային թունավորմամբ և իհարկե՝ սթրեսային վիճակով: Գերմանացի բժիշկները սարսափով են արձանագրում հիվանդությունները, ասում են՝ մենք հայերին այսպիսին չէինք իմանում, չէինք իմանում, որ այսքան հիվանդ և այսքան երիտասարդ տարիքի մահացություններ կան: Մարդկանց համար անսովոր է, որ այդ հիվանդություններն այդքան փոքր տարիքի երեխաներն ունեն: Միշտ պրոֆեսորները զարմանում են այդ հանգամանքի վրա»,-նշեց մեր զրուցակիցը, հույս հայտնելով, որ երևույթը ի վերջո վերջ կգտնի մի օր և մեր ազգն էլ կհայտնվի աշխարհի առողջ համարվող աղգերի շարքում: Սակայն, ծանոթանալով հայերի կենսակերպին, մեր հասարակությունում ծխելու, սխալ սնվելու ամրացած ավանդույթներին, սակավաշարժությանը, ինչպես նաև՝ սոցիալական խորացող երևույթներին, առայժմ հեռու է Հայաստանի հասարակությունը համարելու առողջ հասարակություն:

haydzayn.am