Նստակյաց կենսակերպի վտանգավոր հետևանքների մասին քիչ չի խոսվել: Ամբողջ օրը նստած անցկացնող մարդիկ առավել հաճախ են բախվում սիրտ-անոթային, քաղցկեղային և մի շարք այլ հիվանդությունների, քան շարժուն կենսակերպ վարող մարդիկ:
Այսպիսով՝ ինչպե՞ս կարելի է պահպանել առողջությունը նստակյաց աշխատանքի դեպքում:
Ամերիկացի գիտնականները նստած աշխատող մարդկանց խորհուրդ են տալիս 20 րոպեն մեկ ընդմիջում անել և տեղից վեր կենալ: Ընդմիջումների ժամանակ ցանկալի է առնվազն 8 րոպե կանգնած մնալ:
Եթե հնարավոր է, փորձեք այդ ընդմիջումների ժամանակ վարժություններ անել: Եթե ստիպված եք շատ նստել օրվա ընթացքում, ֆիզիկական ակտիվ ընդմիջումն ուղղակի անհրաժեշտ է: Նստակյաց ապրելակերպը նպաստում է օրգանիզմում ճարպային հյուսվածքների կուտակմանը, ինչն էլ վնասում է սիրտ-անոթային համակարգը: Ֆիզիկական ակտիվ ընդմիջումները կանխարգելում են այդ գործընթացներն օրգանիզմում և թույլ են տալիս անոթներն առողջ պահպանել:
Իսկ այն մարդկանց, որոնք ստիպված են հաճախ ոտքի վրա մնալ աշխատավայրում, մասնագետները խորհուրդ են տալիս ընդմիջել և նստել կամ պառկել, և եթե հնարավոր է, ցանկալի է՝ ոտքերը վեր: Նման ընդմիջումներն օգնում են թուլացնել մարմնին բաժին ընկնող լարվածությունը, կարգավորում ողնաշարի վիճակը: