Մոսկվաբնակ հայ գործարար Էդգար Արամյանը «Տոյոտա Կորոլա» մակնիշի ավտոմեքենաներ նվիրեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի 2017 թ. չեմպիոններ Արթուր Ալեքսանյանին (98 կգ) և Մաքսմին Մանուկյանին (80 կգ): Միջոցառումը տեղի ունեցավ այսօր՝ սեպտեմբերի 4-ին, ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում: Բացի մարզիկներից ու հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանից՝ ներկա էր նաև Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը:
«Աշխարհի ամենալավ բաներից մեկն այն է, որ զգում ես, որ գնահատված ես, և հակառակը՝ ամենավատն այն է, որ զգում ես, որ գնահատված չես: Կան մարդիկ, որոնց պարտականությունների մեջ չի մտնում, բայց ցանկություն են հայտնում օժանդակելու, խրախուսելու: Եվ նորից եմ ասում՝ կարևորը, որ կա վերաբերմունք»,- ասաց Ռոստոմյանը:
Էդգար Արամյանը ներկա է եղել օգոստոսի 21-26-ը Փարիզում անցկացված աշխարհի առաջնությանը և երկրպագել է մասնակից բոլոր հայ ըմբիշներին: Նշում է, որ շատ ուրախ է տղաների հաղթանակներով և հուսով է, որ հայ մարզիկները կշարունակեն բարձր մակարդակով ներկայացնել հայրենիքը միջազգային ասպարեզում:
«Ես շատ հուզված եմ, շատ էմոցիաներով եմ լցված: Դահլիճում եմ եղել, ձայնս մինչև հիմա չի վերականգնվել: Ես շատ ուշադիր եմ հայկական սպորտի նկատմամբ, ցանկացած հաղթանակ իմ հաղթանակն է: Ես շնորհակալություն եմ հայտնում նրանց ծնողներին, մարզիչներին, որ այդքան ջանք են թափել: Ցանկանում եմ, որ այս ավանդույթները շարունակվեն»,- ասաց նա՝ ավելացնելով, չի կարծում, որ նվերներ տալով ինչ-որ հերոսություն է անում:
Մաքսիմ Մանուկյանը և Ռիո 2016-ի չեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը շնորհակալություն հայտնեցին: Նրանք ընդգծեցին, որ շատ զգացված են ուշադրության համար: