Wnews.am-ը շարունակում է պարբերաբար ներկայացնել նախընտրական փուլերը հաղթահարած և մրցույթի եզրափակչին մասնակցելու հնարավորություն ստացած աղջիկներին, նրանց, ովքեր հավակնում են դառնալ «Միսս Արմենիա» համահայկական հիմնադրամի կողմից կազմակերպվող գեղեցկության մրցույթի հաղթողն ու հետագայում մասնակցել «Միսս աշխարհ»-ին: Մեր զրուցակիցն այս անգամ Մարինե Մարգարյանն է։
–Ներկայացրու’ քեզ. որտ՞եղ ես ծնվել, ինչո՞վ ես զբաղվում, ի՞նչ հետաքրքրություններ ունես։
-Ես Մարինե Մարգարյանն եմ, 21 տարեկան: Ծնվել եմ Երևանում, բայց արմատներս Վրաստանից են: Ավարտել եմ Հայ-Ռուսական համալսարանի կառավարման բաժինը: Արդեն 10 տարուց ավել է՝ զբաղվում եմ երգեցողությամբ. առաջին քայլերս արել եմ «Դո-Ռե-Մի» վոկալ ստուդիայում: Սովորել եմ «Atex» նորաձևության կենտրոնում: Արդեն 4 տարի է՝ աշխատում եմ մոդելային բնագավառում։ Շատ հետաքրքրություններ ունեմ, բայց կառանձնացնեմ ձիասպորտը, քանի որ այն նպաստում է գեղեցիկ կեցվածք ունենալուն և առողջ ապրելակերպին, և ամենակարևորը, ունենում ես հնարավորություն շփվել այդ բարի ու հասկացող կենդանիների հետ:
–Ո՞րն ես համարում արտաքինիդ գլխավոր առավելությունը։
– Ասում են՝ աչքերս:
–Ինչու՞ որոշեցիր մասնակցել մրցույթին, ո՞րն է նպատակդ։
-Երկար ժամանակ է արդեն, ինչ այս ոլորտում եմ, շատ եմ աշխատում ինձ վրա և կարծում եմ սա ևս մեկ քայլ է դեպի մասնագիտացում և նոր ձեռքբերումներ: Ինչպես նաև ինձ համար մեծ պատասխանատվություն և պատիվ կլինի կրել գեղեցկության մրցույթի հաղթողի տիտղոսը և հետագայում նաև պատվով ներկայանալ միջազգային ասպարեզում:
–Ինչպե՞ս է ընթացել մրցույթի նախընտրական փուլը, ինչպե՞ս էիր պատրաստվում, ի՞նչ էմոցիաներ ունեիր։
-Նախընտրական փուլին մասնակցել եմ մեծ ոգևորությամբ: Փորձել եմ լինել հնարավորինս ներկայանալի: Ամեն ինչ անցավ շատ ջերմ մթնոլորտում:
–Ինչպե՞ս շրջապատդ արձագանքեց մրցույթում մասնակցությանդ։
-Քանի որ վաղուց էի որոշել մասնակցել, և իմ հարազատներն ու ընկերները տեղյակ էին, ինձանից ոչ պակաս ոգևորված սպասում էին մրցույթի մեկնարկին:
–Ինչպե՞ս ես գնահատում հաղթելուդ հնարավորությունները։ Ծանո՞թ ես մյուս մասնակիցների հետ:
-Մասնակիցներից շատերին եմ ճանաչում, որոշների հետ ծանոթացել եմ նախընտրական փուլի ժամանակ, իսկ որոշների հետ դեռ երկար ժամանակ է աշխատում եմ նույն բնագավառում: Համոզված եմ, որ մրցույթի ընթացքում ավելի կմտերմանանք: Իսկ ինչ վերաբերում է հաղթելուն, կարծում եմ, որ յուրաքանչյուր ոք, ով հայտնվել է վերջնական մասնակիցների ցանկում, այդ տիտղոսը կրելու մեծ շանսեր արդեն ունի:
–Հաղթելու դեպքում ի՞նչ կանես։
-Շատ կուրախանամ և կոգևորվեմ: Տիտղոս կրելն ինձ համար ինչքան հպարտալի լինի, այդքան էլ պարտավորեցնող կլինի լինել միշտ գեղեցիկ և օրինակելի ամեն ինչում:
–Ֆիլմ, որից ոգեշնչվել ես։
-«Burlesque» ֆիլմը, որտեղ գլխավոր հերոսուհին անցնելով շատ դժվար ճանապարհ, ի վերջո կարողանում է իրական դարձնել այն, ինչի մասին նա երազում էր շատ երկար ժամանակ: Սա ևս մեկ փաստ է այն մասին, որ պետք չէ կյանքում կոտրվել ու հիասթափվել, քանի որ մի անսպասելի օր կարող է երազանքդ իրական դառնալ:
–Գիրք, որը բոլորին խորհուրդ կտաս կարդալ։
-«Խաչագողի հիշատակարանը», որովհետև բոլոր ժամանակներում էլ կան խաչագողեր (քավոր Պետրոսներ): Եվ կարող եմ նշել մասնագիտական գիրք`Генри Форд «Моя жизнь, мои достжения»:
–Ամենատպավորիչ վայրը, որտեղ երբեւէ եղել ես։
-Շատ եմ սիրում ճանապարհորդել, բայց ամենատպավորիչը դեռ մանուկ հասակից եղել է Գեղարդի տաճարը, որն ունի շատ խորիմաստ պատմություն և գտնվում է ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում:
–Բարձրակրու՞նկ, թե՞ կեդեր։
-Նախընտրում եմ և՛ բարձրակրունկ, և՛ ցածր՝ կախված, թե ինչ միջոցառման եմ մասնակցում և ինչ տեսք պետք է ունենամ:
–Նկարագրի’ր քեզ երեք բառով։
– Ընկերասեր, պոզիտիվ և նպատակասլաց:
–Ի՞նչ երգ է այժմ քո playlist-ում։
-BEYONCE, ով իմ կուռքն է եղել դեռ մանկուց և TAYANNA:
–Գույն, որը միշտ առկա է քո զգեստապահարանում։
-Նեյտրալ գույներ և իհարկե սև, որը միշտ էլեգանտություն է հաղորդում:
–Ինչի՞ց կարող ես նյարդայնանալ։
-Փորձում եմ միշտ զգացմունքներս կառավարել և հավասարակշռված լինել:
–Ինչի՞ց ես վախենում։
-Կորստից:
Ամբողջությամբ՝ wnews.am