Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան-Դանիա հանդիպումից հետո, որում հայերը պարտվեցին 1:4 հաշվով, միջադեպ է տեղի ունեցել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ, «Մանչեստեր Յունայթեդի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի և հայ ֆուտբոլասերների միջև: Ըստ ականատեսների՝ երեկ՝ սեպտեմբերի 4-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտից դուրս գալուց հետո՝ իր մեքենան նստելիս, ֆուտբոլիստը բղավել է երկրպագուների վրա: Նշվում է, որ մի շարք երկրպագուներ շրջապատել են նրան, վանկարկել նրա անունը և փորձել լուսանկարվել: Ոմանք պատահաբար հրել են նրան, և դա հունից հանել է ֆուտբոլիստին, նա բղավել է նրանց վրա ու նստել մեքենան, թեև սովորաբար խաղից հետո այնքան է մնում մինչև լուսանկարվում է բոլոր ցանկացողների հետ ու ինքնագրեր բաժանում նրանց:
Մխիթարյանը, ինչպես հավաքականի իր բոլոր թիմակիցները, ծանր պարտությունից հետո ավելի քան անտրամադիր ու զայրացած էր: Նա իր գրեթե բոլոր խաղընկերների նման խաղից հետո չկարողացավ բառեր գտնել լրագրողների համար և հարցազրույց չտվեց խաղադաշտում կատարվածի մասին: Առանց որևէ բան ասելու արագ ուղղվեց դեպի իր մեքենան: Կարճ մեկնաբանություն տվեց միայն այդ խաղում Հայաստանի հավաքականի միակ գոլի հեղինակ Ռուսլան Կորյանը:
Երեկվա հանդիպումից հետո Հայաստանը մնաց 6 միավորով և շարունակում է ընթանալ ընտրական E խմբի նախավերջին՝ 5-րդ, հորիզոնականում: Դանիան միավորների քանակը հասցրեց 16-ի և շարունակում է պայքարել խմբի 1-ին, 2-րդ տեղերի համար: 16 միավոր ունի նաև Մոնտենեգրոն, որը Դանիայի գերազանցում է լրացուցիչ ցուցանիշներով և 2-րդն է: Խումբը 19 միավորով միանձնյա գլխավորում է Լեհաստանը:
Այս ընտրական փուլում Հայաստանին մնացել է 2 հանդիպում: Հոկտեմբերի 5-ին թիմը «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Լեհաստանին, իսկ 8-ին կհյուրընկալվի Ղազախստանին: