Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի, մի շարք հայկական ընկերությունների աջակցությամբ և ՀՀ գյուղատնտեսության նախարարի խորհրդական, գյուղատնտես Արմեն Մեհրաբյանի հրավերով Հայաստան է ժամանել Եվրոպայի 2000 թվականի լավագույն սոմելյե, Ֆրանսիայի լավագույն գինեգործ Ֆրանկ Թոմասը, որի մասնակցությամբ անցկացվել է հայկական գինիների համտես և վարպետության դասընթաց:
Ինչպես տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նա իր մշակած բացառիկ մեթոդով համտեսել է տեղական գինին՝ բարձր գնահատելով հայկական գինիների յուրահատուկ համը և խաղողի որակը:
«Հայաստանն ինձ համար հետաքրքիր երկիր է, քանի որ այն գինու ծննդավայրերից մեկն է՝ հարուստ ավանդույթներով և պատմությամբ: Հայկական գինիները միջազգային շուկայում կարող են ուրույն տեղ զբաղեցնել՝ շնորհիվ խաղողի տեղածին սորտերից պատրաստվող տեսակների»,-նշել է սոմելյեն:
Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը կարևորել է նմանատիպ միջոցառումների անցկացումը հայկական գինիների ճանաչելիությունը բարձրացնելու գործում. «Աշխարհահռչակ սոմելյեների դրական գնահատականները այցեքարտ կդառնան մեր գինիների համար՝ առավել մրցունակ լինելու և նոր շուկաներ մուտք գործելու տեսանկյունից: Հիմնադրամը պատրաստակամ է աջակցել այն նախաձեռնություններին, որոնք ուղղված են հայկական գինիների վարկանիշը բարձրացնելուն և նոր շուկաներ մուտք գործելու հնարավորությունների բացահայտմանը»:
Արմեն Մեհրաբյանի խոսքով՝ ներկայում մարդիկ փորձում են վերադառնալ դեպի արմատները և վերականգնել հայկական կենցաղում առողջ սնվելու և գինի ըմպելու երբեմնի տարածված ավանդույթը: «Գինու մշակույթը նույնպես վերածնունդ է ապրում, ինչի աջակցմանը և ուղղված է սոմելյեին հրավիրելու մեր նախաձեռնությունը»,- հավելել է նա:
Միջոցառման ավարտին Ֆրանկ Թոմասը կիսվել է իր տպավորություններով Հայաստանում իրականացրած այցելությունների, բուսական թեյերի, գինու հետ մատուցվող ռեհանի սերմերի հիման վրա պատրաստված ավանդական բանդակների և գինեգործական ձեռնարկությունների արտադրանքի վերաբերյալ: Մասնակիցները նաև քննարկել են այդ արտադրանքը եվրոպական սպառողին հասցնելու հեռանկարները և հետագա անելիքները։