Wnews.am-ը շարունակում է պարբերաբար ներկայացնել նախընտրական փուլերը հաղթահարած և մրցույթի եզրափակչին մասնակցելու հնարավորություն ստացած աղջիկներին, նրանց, ովքեր հավակնում են դառնալ «Միսս Արմենիա» համահայկական հիմնադրամի կողմից կազմակերպվող գեղեցկության մրցույթի հաղթողն ու հետագայում մասնակցել «Միսս աշխարհ»-ին: Մեր զրուցակիցն այս անգամ Արփինե Հարությունյանն է։
–Ծնվել եմ Երևանում, ապրում եմ եղբորս և ծնողներիս հետ: Մեկ տարեկանում ընտանիքիս հետ տեղափոխվել ենք Ուկրաինա, ինձ հայկական դպրոց ուղարկելու նպատակով 7 տարեկանում վերադարձել ենք: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել եմ ԵՊՄՀ Կրթության հոգեբանություն և սոցիոլոգիա ֆակուլտետ, հոգեբան-մանկավարժ եմ: Մասնագիտական մի շարք թրեյնինգների եմ մասնակցել ՝ արտ-թերապիայի մասնագետ եմ: Արդեն 5 տարի է՝ աշխատում եմ մոդելային ասպարեզում, պայմանագրերով մեկնել եմ Հնդկաստան, Չինաստան, Ֆիլիպիններ և Արգենտինա:
Ազատ շփվում եմ անգլերեն, ռուսերեն և իսպաներեն լեզուներով: Նման ճանապարհորդություններից շատ ինքնուրույն և շրջահայաց եմ դարձել: Սովորել եմ տեղի և ժամանակի մեջ ճիշտ, արագ կողմնորոշվել, ծանոթացել եմ մշակութային և սոցիալական ինձ համար նոր ապրելակերպի ձևերի. նոր ուտեստներ, հետաքրքիր զբաղմունքներ, սկսեցի զբաղվել անգամ յոգայով: Հումանիստ եմ, կարեկցող, աշխատասեր, ամեն ձեռնարկած գործ պարտաճանաչորեն եմ անում:
–Ո՞րն ես համարում արտաքինիդ գլխավոր առավելությունը։
-Իմ թերություններն ինձ նույնքան լավ են ծառայում, որքան և առավելությունը։
–Ինչու՞ որոշեցիր մասնակցել մրցույթին, ո՞րն է նպատակդ։
-Մրցույթների երբևէ չեմ մասնակցել, արդար ընտրությունը հազվադեպ երևույթ է, բայց ակնկալում եմ շատ լավ ժամանակ անցկացնել, պոզիտիվ տրամադրվածություն ունեմ և, ինչպես բոլոր մասնակիցները, հաղթելու ցանկություն: Մեծ պատասխանատվությամբ եմ մոտենում գեղեկության մրցույթի հաղթողի տիտղոսը մեկ տարի կրելուն և այլ կոնտեստներում մեր երկիրը լավագույնս ներկայացնելուն:
Ամբողջությամբ՝ wnews.am