«Էյ-Ի-Ջի Սերվիս» ընկերությունը 2016 թվականը փակել է 468.3 մլն դրամի շահույթով։ 2015 թվականին ընկերության շահույթը կազմել էր 429.8 մլն դրամ։ Այսինքն, տարվա կտրվածքով՝ ընկերության շահույթն ավելացել է 38.5 մլն դրամով կամ 9%-ով։ Այս մասին տեղեկանում ենք B4B PRO համակարգի տվյալների բազաներից։
Ովքեր ծանոթ չեն, տեղեկացնենք, որ այս ընկերությունը Հայաստանի ողջ տարածքում իրականացնում է գազասպառման կենցաղային համակարգերի տեխնիկական սպասարկման, այդ թվում` ծխաօդատար ուղիների տեխնիկական սպասարկման աշխատանքներ, որոնք պարտադիր կատարման նորմ են, սահմանված` ՀՀ կառավարության կողմից հաստատված տեխնիկական կանոնակարգերով: Կամ, ինչպես բնակչությունն է ասում, գազի սպասարկման ծառայությունն է։
Ուշագրավն այն է, որ ընկերության համախառն հասույթը նույն ժամանակահատվածում նվազել է՝ 2015 թվականի 3 մլրդ 652.3 մլն դրամից հասնելով 3 մլրդ 303.9 մլն դրամի։ Շահույթի ավելացումը տեղի է ունեցել ինքնարժեքի նվազման հաշվին։
Ընկերության ակտիվները 2016 թվականի վերջին կազմել են 2 մլրդ 11.3 մլն դրամ՝ 2015 թվականի վերջի 1 մլրդ 843.4 մլն դրամի դիմաց։
Սեփական կապիտալը նույնպես աճել է՝ կազմելով 1 մլրդ 347.4 մլն դրամ։