Պատմաբան Վահե Անթանեսյանն իր միկրոբլոգում ներկայացրել է Շողակաթ եկեղեցին:
Համաձայն ավանդության, Շողակաթ եկեղեցին կառուցվել է Վաղարշապատ մայրաքաղաքի արքայական հնձանների տեղում, ուր նահատակվել է Հռիփսիմյաց կույսերից Սուրբ Մարինեն: Եկեղեցին կառուցվել է Աղամալ Սորոտեցու կողմից, Ամենայն հայոց Նահապետ Առաջին կաթողիկոսի օրոք՝ 1694 թվականին: Այս փոքր եկեղեցին համարվում է Սուրբ Էջմիածին վանական համալիրի ամենանոր եկեղեցին:
Համաձայն ավանդապատումի՝ Սուրբ Մարինեն Սուրբ Հռիփսիմե կույսի ընկերուհիներից մեկն էր: Հռիփսիմյանց 37 կույսերը բնակվում էին Հռոմի Սուրբ Պողոս կուսանոցում, որի մայրապետն էր Սուրբ Գայանեն: Հռոմի Դիոկղենտիանոս կայսրը սիրահարվելով Հռիփսիմեին՝ ցանկանում է ամուսնանալ նրա հետ: Բայց, քանի, որ կայսրը քրիստոնյա չէր՝ Հռիփսիմեն մերժում է նրան, և կայսեր հալածանքներից փախչելով՝ Գայանե մայրապետի գլխավորությամբ, կույսերը գալիս են Արևելք, անցնում Հայաստան ու հաստատվում Վաղարշապատ մայրաքաղաքի մոտ` հնձաններում: Տրդատ Երրորդ հայոց արքան, հմայված Հռիփսիմե կույսի գեղեցկությամբ, ցանկանում է ամուսնանալ նրա հետ, սակայն կույսը դարձյալ մերժում է: Այդժամ արքան հրամայում է բոլոր կույսերին մահապատժի ենթարկել, որն իրականացվում է Վաղարշապատում: Հռիփսիմեն 32 ընկերուհիներով նահատակվում է քաղաքի հյուսիս-արևելյան կողմում, կույսերի առաջնորդ Գայանեն` երկու ընկերուհիներով` հարավային կողմում, իսկ Սուրբ Մարինեն, որ հիվանդ էր` հնձանում: Հետաքրքիր է, որ այս ավանդույթը մեզ փոխանցող Ագաթանգեղոս պատմիչը չի հաղորդում հնձանում նահատակված կույսի անունը, բայց հետագա մատենագիրները նրան կոչում են Սուրբ Մարինե:
Ավանդույթը պատմում է, որ Սուրբ Մարինեի նահատակության պահին երկնքից շող է ընկել՝ կաթացել Մարինեի վրա, որից էլ առաջացել է տեղանքի անունը:
Եկեղեցին պատկանում է գմբեթավոր դահլիճների տեսակին: Դա տիպիկ չէ 17-րդ դարի շինություններին, ինչն էլ լրացուցիչ կռվան է՝ պնդելու համար, որ Սուրբ Շողակաթ եկեղեցին կառուցվել է ավելի վաղ այստեղ եղած տաճարի տեղում:
Եկեղեցու ութանիստ թմբուկով գմբեթը ոչ թե կառույցի, այլ երկու զույգ որմնամույթով դահլիճի կենտրոնում է։ Արևմուտքից կից է գավիթ-սրահը։
Շողակաթ եկեղեցուց հարավ-արևմուտք պեղումներով բացվել են բազմաստիճան որմնախարիսխի վրա բարձրացող, սրբատաշ տուֆից, չորրորդ դարում կառուցված միանավ եկեղեցու ավերակները։ Հարավային պատին արտաքինից կից է փոքր կիսաշրջանաձև մի աբսիդ, որով հավանաբար ավարտվել է սյունասրահը։ Մուտքերը երկուսն են՝ արևմուտքից և հարավից։
Շողակաթի տոնը Հայ եկեղեցին նշում է Սբ. Աստվածածնի վերափոխման տոնի կիրակիին նախորդող շաբաթ օրը, և հիշատակն է Էջմիածնի Լուսավորչաշեն Տաճարի նավակատիքի: Այս տոնը Սուրբ Կույսի տոնի նախորդ օրն է նշվում, քանի որ սկզբնապես Մայր տաճարը նվիրված է եղել Աստվածածնին, և նրա օծումն ու սրբագործումը կատարվել է Սբ. Աստվածածնի վերափոխման տոնի նախօրյակին: Իսկ տոնի «Շողակաթ» մակդիրը (Լույսի շողի կաթելը) կապված է Սբ. Գրիգոր Լուսավորչի տեսիլքի հետ, ինչպես Էջմիածինը՝ Միածնի իջման պատկերի:
Շողակաթ եկեղեցին ընդգրկված է ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: