Մեզ հասած տեղեկություններով՝ օրերս «Արմենիա» բժշկական կենտրոնի ծննդատանը արտառոց դեպք է տեղի ունեցել․ կինը թողել է իր նորածին երեխային և հեռացել։ «Երեխան լացում էր, կերակրող չկար, մայրը չկա»,-պատմեցին մեզ ծննդատնից։
Ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը Hraparak.am-ի հետ զրույցում ասաց, որ երեխան ընկեցիկ է, դեպքի մասին հայտնել են ոստիկանությանը․ «Ընկեցիկ երեխա է, ոստիկանություն ենք հայտնել, նրանք ման են գալիս, չեն գտնում, հասցեն փոխել են։ Երեխան մեզ մոտ է, որովհետև փաստաթղթեր չունի, որ ուղարկենք մանկատուն։ Ոչ ոք ոչ մի կապ չունի որդեգրման հետ, որդեգրումը կատարում է սոցապ նախարարությունը քաղաքապետարանի որոշմամբ։ Ծննդատները ոչ մի առնչություն չունեն, մենք հայտնում ենք էն դեպքում, երբ փաստաթղթերը կան։ Մորը չենք գտնում, զանգել եմ իրենց գյուղապետին, ասում են՝ էդ հասցեից դուրս են եկել»։
Ռազմիկ Աբրահամյանը չգիտեր երեխայի սեռը: «Ինձ էդ բաները սկի չի էլ հետաքրքրում, մենք հազիվ ընկած ման ենք գալիս, որովհետև լքել են, թողել են։ Նրան խնամք ա պետք, վերաբերմունք ա պետք, լողացնել ա պետք, օծանելիք ա պետք, մենք հազիվ զբաղվում ենք իրենով»։ Իսկ թե ինչպե՞ս և ե՞րբ է թողել երեխային, Աբրահամյանը նշեց, որ այդ մասին ինքը տեղյակ չէ։
Նյութի աղբյուրը ` hraparak.am