Ինչպես հայտնի է, վերջին շրջանում խիստ լարված են Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի և Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցի հարաբերությունները: Գորիսի քաղաքապետը նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մարդն է, իսկ նոր մարզպետը որոշել է ազատվել Լիսկայի կադրերից, քանի որ նրանք իրեն չեն ենթարկվում: Տարիներ ի վեր Գորիսը եղել է Լիսկայի բաստիոնը, քաղաքապետերն էլ՝ իր կամակատարները:
Ըստ էության, վերջին բաստիոնն ընկավ։ Ամիսներ առաջ Վահե Հակոբյանը փորձեց Գորիսի ավագանու միջոցով հասնել քաղաքապետի պաշտոնանկությանը, սակայն չստացվել, այժմ ուղիղ քաղաքապետին ասվել է՝ դիմումդ գրի, գնա: Այսքան ժամանակ Ադունցը դիմադրում էր, անգամ օրերս «Սյունյաց երկիր» լրատվամիջոցին ասել է, որ «ճնշում են գործադրում իր վրա՝ հրաժարականի դիմում գրելու համար, սակայն չի գրել և չի պատրաստվում գրել»։ Բայց երեկ տեղեկացանք, որ հրաժարականի դիմումը գրվել է, ընդ որում՝ «հիվանդության պատճառով» ծեծված ու կեղծ պատճառաբանությամբ։
Ըստ ամենայնի, նա հույս է ունեցել հանդիպել մարզպետի վերադասի հետ և լուծել հարցերը, այդ մասին անգամ ասել է սյունյաց լրատվամիջոցին, սակայն հանդիպումը կամ չի կայացել, կամ եղել է ի վնաս քաղաքապետի և դիմումը գրվել է։ Ուշագրավն այն է, որ սեպտեմբերի 11-ին Քաղաքաշինության կոմիտեն աշխատաժողով է կազմակերպել «Անի պլազայում», որտեղ զեկուցողներից մեկը Վաչագան Ադունցն է լինելու: Ադունցը «Միացյալ կայուն խելացի քաղաքներ ծրագիր. Գորիսի օրինակը» զեկույցով է հանդես գալու: Հետաքրքիր է՝ զեկուցումը կհանվի, թե՞ այնուամենայնիվ Գորիսի արդեն նախկին քաղաքապետը կմասնակցի աշխատաժողովին։
Նյութի աղբյուրը ` hraparak.am