Aravot.am-ի հետ զրույցում Կապանի միլիցիայի տեղամասային տեսուչների բաժանմունքի նախկին պետ, ոստիկանության համակարգում օպերատիվ աշխատանքի մեծ փորձ ունեցող Սուրեն Իսահակյանը Էրեբունու խաղատներից մեկում Մ. Թ.-ին պատանդ վերցրած Գոռ Հակոբյանի վնասազերծման դեպքի հետ կապված կարծում է, որ կարելի էր և հատուկ միջոցներ կիրառել՝ նրան թմրեցնել, շշմեցնել, քնեցնել, սակայն հարց է առաջանում՝ արդյո՞ք ոստիկանությունն այդ վճռական պահին իր ձեռքի տակ ուներ այդ միջոցները։
«Այս հարցում չի կարելի միանշանակ քննադատել ոստիկանության գործողությունները, եթե պատանդին (անկախ նրանից՝ նրա սիրուհին է, կինն է, թե ով, այդ պահին պատանդ է), մահացու վտանգ է սպառնում, խոշտանգվում է և այլ միջոցներով հնարավոր չէ կանխել, ստիպված են դիմելու զենքի գործադրմանը, այսինքն՝ ծայրահեղ միջոցին։ Մարդու կյանքը վտանգի տակ է, անընդհատ խոշտանգում է նրան մարդկանց աչքի առաջ, բազմաթիվ վնասվածքներ է հասցնում այդ ընթացքում, ինչ իմանան այդ տղայի մտքին ի՞նչ է։
Կարող էին և Գոռ Հակոբյանին վնասազերծել նրան վիրավորելու միջոցով, բայց դա էլ տվյալ պարագայում չլիներ հարցի լուծում, նա շարունակեր իր գործողությունները։ Պիտի մտածեին՝ ի՞նչ ձևով անել, որ նա միանգամից դադարեցնի իր գործողությունները, ի վիճակի չլինի հետագա գործողության, կխփի, չսպանի։ Իսկ նրան թմրեցնել, քնեցնել, թե շշմեցնել… պիտի որոշում կայացնեին կատարողները․․․ Իհարկե, զարգացած երկրներում իմ թվարկած այլ միջոցները խնդիր չեն, բայց մենք միշտ էլ աղքատիկ են եղել։
Օրինակ՝ իմ աշխատած տարիներին զինանոցում չկար այդպիսի մի միջոց, որ կրակեիր, մարդը քներ, հիմա չգիտեմ, միգուցե առաջընթաց կա՞ այս առումով։
Ուղղակի այս դեպքում էլ մի նրբություն կա, այլընտրանքային միջոցի լինելու դեպքում էլ ձեռք բերելը կամ դեպքի վայր հասցնելը ժամանակի խնդիր է, և չես կարող ենթադրել, թե մինչ այդ ի՞նչ կլինի։ Տվյալ պարագայում պիտի գործես քո ձեռքի տակ եղած միջոցներով։
Բայց բոլոր դեպքերում ոստիկանությունը Գոռ Հակոբյանի հետ բանակցել է, փորձել են համոզել, ժամանակ են շահել հետագա քայլերի մասին մտածելու։ Իսկ եթե նա գիտակցական այն վիճակում չի եղել, որ կարողանար բանակցել, ավելի վատ․ նրա հետագա քայլն անկանխատեսելի էր, այս դեպքում պիտի գործես զոհի շահերից ելնելով։
Իհարկե, պետք է փորձես մինիմալ վնասներով հարթել միջադեպը, եթե դա չի ստացվում, գլխավորը զոհի կյանքը փրկելն է, ինչը որ տվյալ պարագայում արել է ոստիկանությունը»,- ասում է ոստիկանության նախկին պաշտոնյան: