Tert.am Life–ն արդեն պատմել էր Հայկոյի մենահամերգի մասին։ Երգիչը մենահամերգից հետո afterparty էր կազմակերպել։ Ընկերներն ու հարազատները երեկոյան հավաքվել էին շնորհավորելու Հայկոյին։
Մեզ հետ զրույցում երգիչը պատմեց համերգից իր տպավորությունների և կազմակերպած անակնկալների մասին։
«Զգացումներս աննկարագրելի են։ Կարծում եմ՝ գեղեցիկ պահեր պարգևեցի հանդիսատեսին։ Ես շատ եմ կարևորում համերգային ծրագրերը, քանի որ արտիստի համար գերագույն հաճույք է կենդանի նվագակցությամբ երգել։ Բացի այդ, որքան էլ նոր երգեր ենք թողարկում, միևնույն է, հանդիսատեսը ցանկանում է լսել կենդանի կատարումը։ Այս համերգային ծրագիրը մեկնարկն է նոր աշխատանքներիս, որոնք առաջիկայում կներկայացնեմ։ Նոր երգեր, տեսահոլովակներ ու ձայներիզ է սպասվում, որտեղ կլինեն գեղեցիկ ստեղծագործություններ»,– ասաց Հայկոն։
Ի դեպ, հատուկ մենահամերգի համար Հայկոն տեսանյութ էր պատրաստել, որի գլխավոր հերոսը որդին էր` Արմանը։ Տեսանյութը Հայկոյի մտորումներն էր արտահայտում։ Երգչից հետաքրքրվեցինք, թե ում գաղափարն էր դա. «Ես շատ էի ցանկանում, որ տղաս իմ աշխատանքում լիներ։ Նա ինձ շատ է օգնել այս ընթացքում։ Չի տրտնջացել և սիրով նկարահանվել է»։
Երգչի խոսքով`ինքը մի երազանք ունի՝ նույն համերգային ծրագիրը կազմակերպել Գյումրիում և Արցախում։