Հղի կանանց շրջանում ուղեղի կաթվածը երեք անգամ ավելի հաճախ է հանդիպում, քան նույն տարիքի ոչ հղի կանանց շրջանում։ Նման անսպասելի եզրակացության են հանգել Sunnybrook Health Sciences Centre-ի գիտնականները։
International Journal of Stroke ամսագրում հրապարակված հետազոտության շրջանակում գիտնականները վերլուծել են վերջին 27 տարիներին անցկացված բազմաթիվ միջազգային հետազոտություններ, որոնք ուսումնասիրել են ինսուլտի մակարդակը հղիների շրջանում։ Պարզվել է, որ 100 000 կանանցից մոտ 30-ը հղիության ընթացքում բախվում է ինսուլտի։ Սուր ուղեղային խանգարման զարգացման հավանականությունն ավելի բարձր է անմիջապես ծննդաբերությունից առաջ ու դրանից հետո։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ հղիների շրջանում ինսուլտի հավանականությունը եռակի բարձր է, քան ոչ հղիների շրջանում։
Հետազոտության հեղինակները կարծում են, որ բազմաթիվ ապագա մայրեր պատկերացում անգամ չունեն այդ վտանգի մասին։ Ինսուլտն աշխարհի բազմաթիվ երկրներում մեծահասակների մահվան ու հաշմանդամության հիմնական պատճառներից մեկն է ու այն կարելի է համարել հղիության բարդացումներից մեկը։
Հղիների շրջանում ինսուլտների ճշգրիտ պատճառների որոշման համար անհրաժեշտ է անցկացնել նոր հետազոտություններ, նշում են գիտնականները։ Սակայն բացառված չէ, որ հղիության ժամանակ հորմոնալ փոփոխությունները ու պրեէկլամպսիայի նման վիճակի դրսևորումը, որն ուղեկցվում է բարձր զարկերակային ճնշումով, մասամբ կարող են բացատրել այդ կապը։
Բացի այդ՝ գլոբալ մետաանալիզը ցույց է տվել, որ կնոջ բնակության երկիրը նունյպես որոշակի դերակատարում ունի։ Լավ զարգացած նախածննդաբերական խնամքի համակարգ ունեցող երկրներում հղիների շրջանում ինսուլտների նվազ քանակ է նկատվում։
Հետազոտության հեղինակները շեշտում են, որ չնայած ապագա մայրերի մոտ ինսուլտի հավանականությունը եռակի շատ է, այն միևնույն է ավելի ցածր է, քան այդ հավանականությունը տղամարդկանց շրջանում կամ կանանց շրջանում՝ դաշտանադադարից հետո։ Դրա համար էլ կանայք չպետք է խուճապի մատնվեն. ավելի լավ է ավելի մեծ ուշադրություն դարձնել զարկերակային ճնշմանն ու ավելի հաճախ այցելել բժշկի։