Նախկինում համարվում էր, որ 2-րդ տիպի դիաբետ ունենում են միայն մեծահասակները, բայց վերջերս այդ հիվանդությունը սկսել են ավելի հաճախ ախտորոշել նույնիսկ երեխաների մոտ։ Հիվանդությունների հսկողության ու կանխարգելման հարցերով ամերիկյան կենտրոնը մի քանի խորհուրդներ է ներկայացրել այն մասին, թե ինչպես կանխել 2-րդ տիպի դիաբետը երեխաների ու դեռահասների մոտ։
Երեխաների ու դեռահասների մոտ 2-րդ տիպի դիաբետի զարգացման ռիսկի երկու հիմնական գործոն կա՝ ավելորդ քաշն ու ժառանգականությունը։
Ավելորդ քաշը բարձրացնում է ինսուլինի նկատմամբ կայունության վտանգը, որը համարվում է ուղիղ ճանապարհ դեպի 2-րդ տիպի դիաբետ, մանավանդ եթե ավելորդ ճարպը կենտրոնացած է գոտկատեղի հատվածում։ Որպեսզի երեխաների ու դեռահասների մոտ ավելորդ քաշ չլինի, մասնագետները խորհուրդ են տալիս.
- Սահմանափակել այն ժամանակը, որը երեխան կարող է անցկացնել հեռուստացույցի առաջ (թույլ չտալ, որ նա ուտի հեռուստացույց դիտելով)։
- Երեխան պետք է ավելի շատ ջուր խմի ու ավելի քիչ քաղցր ըմպելիքներ։ Մանկաբուժության ամերիկյան ակադեմիան խորհուրդ է տալիս նորածիններին օրական տալ առավելագույնը 40 գրամ հյութ, իսկ ավելի մեծ երեխաներին՝ օրական առավելագույնը 230 գրամ։
- Երեխան պետք է ավելի շատ մրգեր ու բանջարեղեն ուտի։
- Երեխայի սիրելի կերակրատեսակները պետք է պատրաստել՝ շաքարի ու ճարպի նվազագույն քանակության գործածումով։
- Երեխաներին սովորեցրեք առողջ սննդակարգին։
- Երեխան պետք է սովորի ուտել դանդաղ՝ հագեցման համար առնվազն 20 րոպե է պետք։
- Կերեք միայն սեղանի շուրջ նստած, այլ ոչ թե հեռուստացույցի կամ համակարգչի առաջ։
- Ուտելիքը գնեք երեխայի հետ միասին։
- Խանութ գնացեք լիքը ստամոքսով՝ այդպես անառողջ սնունդ ուտելու ավելի քիչ գայթակղություն կլինի։
- Երեխաներին սովորեցրեք կարդալ սննդամթերքի վրա արված նշումները, հասկանալու համար, թե որ մթերքն է օգտակար, իսկ որը՝ ոչ։
- Հնարավորինս հաճախ ճաշեք ամբողջ ընտանիքով։
- Մի պնդեք, որ երեխաները անպայման ուտեն ամանի մեջ լցված ամբողջ ուտելիքը։
- Երեխաներին տվեք ուտելիքի փոքր չափաբաժիններ՝ եթե նրանք չհագենան, ապա հավելյալ չափաբաժին կխնդրեն։
- Երբեք երեխային մի պարգեւատերք ուտելիքի միջոցով (այդ թվում քաղցրավենիքի)։
- Օրվա ընթացքում երեխային խորհուրդ տվեք ավելի ակտիվ լինել։ Նա պետք է օրական առնվազն 60 րոպե ակտիվ լինի։ Դա կօգնի երեխաներին պահպանել առողջ քաշն ու կօգնի օրգանիզմին ավելի լավ գործածել ինսուլինը։
- Երեխաներին խրախուսեք զբաղվել սպորտով։
- Միշտ տանն ունեցեք մարզման համար անհրաժեշտ տարրական պարագաներ։
- Կազմակերպեք ակտիվ զբոսանքներ, օրինակ արշավներ կամ հեծանիվ վարեք միասին։
- Հաճախ զբոսնեք երեխաների հետ
- Երեխաներին ներառեք տան գործերում՝ փոշեկուլով տուն մաքրելը կամ այգում գործ անելը բավականին շատ կալորիաներ են այրում։
- Որպեսզի երեխաների համար հետաքրքրիր լինի՝ այդ աշխատանքը վերածեք խաղի, օրինակ մրցեք, թե ով ավելի արագ կմաքրի տունը։
Եթե երեխան ժառանագականորեն հակված է 2-րդ տիպի դիաբետին, եթե նրա մոր մոտ եղել է գեստացիոն դիաբետ հղիության ընթացքում, եթե երեխան ունի բարձր ճնշում, խոլեստերինի բարձր մակարդակ կամ ձվարանների պոլիկիստոզի համախտանիշ, պետք է պարտադիր այդ մասին պատմել բժշկին։ Ռիսկի այդ գործոնների առկայության դեպքում շատ բժիշկներ սկսում են երեխայի արյան մեջ գլյուկոզայի մակարդակը ստուգել արդեն 10 տարեկանից։
med.news.am