Հայաստանում զարկ է տրվում սպանդանոցային կարողությունների զարգացմանը: Գործող 16 սպանդանոցներից զատ, Հայաստանին անհրաժեշտ է եւս 40-70 սպանդանոց:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանում սպանդանոցային կարողությունների զարգացման ծրագրի մեկնարկին այս մասին ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետ Իշխան Կարապետյանը: Նրա խոսքով` ծրագիրը ողջ հանրապետությունը կապահովի սպանդանոցային ցանցով` բարելավելով սննդամթերքի անվտանգության պայմանները: «Ես վստահ եմ, որ սպանդանոցային ցանցի ընդլայնումը կկարգավորի դաշտը, կավելացնի ոլորտում մրցակցությունը»,-ասաց նա:
Հայաստանի ՓՄՁ զարգացման կենտրոն հիմնադրամի տնօրեն Լևոն Մնացականյանի խոսքով` ծրագրին մասնակցելու համար արդեն 50-ից ավելի հայտ է ներկայացվել: «Հայտատուները կմասնակցեն «Սկսնակ գործարարների ձեռներեցության» հատուկ ծրագրին, որի շրջանակում նախատեսված բիզնես դասընթացներն անցկացնելու է Տնտեսական հետազոտությունների եւ զարգացման աջակցության կենտրոնը: Դասընթացի ընթացքում կներկայացվի սպանդանոցային մորթի կազմակերպման բոլոր պարտադիր պահանջները, գործունեության առանձնահատկությունները»,-ասաց նա:
Մնացականյանը նշեց, որ դասընթացից հետո լավագույն անհատական գործարար ծրագիր ներկայացրած գործարարները կստանան ֆինանսական աջակցություն: Առավելությունը կտրվի այն գործարարներին, ովքեր պատրաստ կլինեն ներդրում կատարելու:
Միջոցառման վերջում Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ գործադիր տնօրեն Լեւոն Մնացականյանն ու ՏՀԶԱԿ ներկայացուցիչ Մերի Գրիգորյանը համագործակցության հուշագիր ստորագրեցին` ամրագրելով Հայաստանում օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանող սպանդանոցներ ստեղծելու նոր հնարավորություն: