1980–ականներն էին։ Լուսանկարիչ Մարտին Շահբազյանը մի քանի լուսանկար արեց կրկեսի ներսում, հետո միտք հղացավ` իսկ ինչո՞ւ կենդանիներից մեկին «չհրավիրել» երևանյան զբոսանքի։
Այս հարցում լուսանկարչին օգնության հասավ կրկեսի արտիստ Ստեփան Իսահակյանը։ Նրա օգնությամբ կրկեսի գետաձին հայտնվեց կլոր շենքի սահմանից դուրս։
«Ժողովուրդը կանգնել ու զարմացած հետևում էր այդ տեսարանին, չէ՞ որ գետաձին գիշատիչ կենդանի է»,- Sputnik Արմենիային պատմեց Շահբազյանը։
Երբ գետաձին բացեց իր մեծ երախը, չխկաց լուսանկարչական ապարատը։ Էկզոտիկ լուսանկարը պատրաստ էր։
Տեղեկացնենք, որ խորհրդային արտիստ Ստեփան Իսահակյանը դեռևս 1958 թվականին ստեղծել է «Էկզոտիկ կենդանիների ծիծաղաշարժ խումբը» ատրակցիոնը, որին մասնակցում էին գետաձիեր, շիմպանզեներ և թռչուններ։